Արցախում էթնիկ զտումը կանխելու ուղղությամբ միջազգային հանրության միջոցներն արդեն իսկ ուշանում են. Արցախի ԱԺ նախագահ


Արցախում էթնիկ զտումը կանխելու ուղղությամբ միջազգային հանրության միջոցներն արդեն իսկ ուշանում են. Արցախի ԱԺ նախագահ

  • 17-01-2023 20:24:18   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ պետք է համատեղ ջանքերով պարտադրել միջազգային հանրությանը՝ ճիշտ գնահատական տալ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման քաղաքականությանը, և այն կանխելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք արդեն իսկ ուշանում են:
 
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանի կողմից պաշարված Արցախում հումանիտար աննախադեպ ճգնաժամը խորանում է:
 
Այսօր Ադրբեջանը փակել է նաև Արցախը սնուցող գազատարը, որի արդյունքում
120 000 մարդ խստաշունչ ձմռան այս օրերին, ի թիվս այլ կենսական խնդիրների, զրկվել է նաև ջեռուցման հնարավորությունից:
 
30 000 երեխայի համար ահագնանում է թերսնման, ցրտահարման վտանգը:
 
Ողջունելով և կարևորելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա պաշտոնական նամակն ավելի քան 30 պետությունների խորհրդարանների ղեկավարներին` ուզում եմ ընդգծել, որ այս հարցում ՀՀ և ԱՀ խորհրդարանների բոլոր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց քաղաքական հայացքները, բոլոր օրակարգերի գլխավերևում ունենան աղետալի իրավիճակում հայտնված Արցախի հարցը և միասնական ջանքերով աշխարհի ուշադրությունը հրավիրեն անկանխատեսելի զարգացումներով օրեցօր սաստկացող հումանիտար աղետի վրա:
 
Սա պետք է անընդունելի լինի քաղաքակիրթ աշխարհի համար:
 
Մենք պետք է համատեղ ջանքերով պարտադրենք միջազգային հանրությանը՝ ճիշտ գնահատական տալ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման քաղաքականությանը, և այն կանխելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք արդեն իսկ ուշանում են»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն