ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը Բաքվին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անարգել փոխադրումը

ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը Բաքվին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անարգել փոխադրումը

  • 18-01-2023 13:54:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումն ու դրա հետ կապված հումանիտար հետեւանքները խիստ մտահոգիչ են։
 
Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Բուշը՝ ելույթ ունենալով Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպության մշտական խորհրդի նիստում։
 
«Մենք ցավում ենք, որ չնայած այս հարցը բարձրացվել է այստեղ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, էական առաջընթաց չի գրանցվել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկել բոլոր միջոցները՝ մարդասիրական բեռների և քաղաքացիների անարգել տեղաշարժն ապահովելու համար։
 
Միացյալ Թագավորությունը անվերապահ աջակցություն է առաջարկել միջազգային մեխանիզմներին՝ ներառյալ ԵԱՀԿ-ին, որոնք աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պահպանման ուղղությամբ։ Ակնհայտ է, որ միայն խաղաղ երկխոսության միջոցով կարելի է հասնել խաղաղության»,-նշել է նա։ 
 
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր երեկվա ելույթում ասել էր, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը լքել իրենց հայրենի հողն ու տները, և որ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։ Արարատ Միրզոյանը նաև հավելել էր, որ հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկումը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ մարդասիրական անխափան մուտքի ապահովումը։
 
Ըստ Միրզոյանի՝ տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ-ն մի շարք գործիքներ կամ գործիքակազմ է մշակել, որոնք ուղղված են հակամարտությունների վաղ նախազգուշացմանը և կանխարգելմանը: Ցավոք, մենք պետք է ընդունենք, որ ԵԱՀԿ-ն չկարողացավ արդյունավետ և ժամանակին կիրառել այս գործիքակազմը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը