Մարինա Խաչատրյանը հրապարակային ներողություն կխնդրի Լենա Նանուշյանից և նրան կվճարի 1 մլն դրամ
18-01-2023 19:30:25 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը հրապարակային ներողություն կխնդրի ՀՀ առողջապահության նա խարարի տեղակալ Լենա Նանուշյանից և կփոխհատուցի 1 միլիոն դրամ:
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Բանն այն է, որ Խաչատրյանը դեռևս 2021 թվականին երեք հրապարակման միջոցով վիրավորական արտահայտություններ է գրել փոխնախարար Լենա Նանուշյանի հասցեին:
Նանուշյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով դատական վճռին, գրել է. «Կովիդ վակցինացիայի ընթացքում Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի հանդեպ հնչած վիրավորանքների պակաս չենք ունեցել: Ով տեղից ելնում, որոշում էր անձնական վիրավորանք հասցնել, այնինչ գիշեր-ցերեկ անում էինք մեր գործը՝ մարդկանց կյանքեր փրկելու համար: Այս դատավճիռը, մանավանդ՝ 1 մլն փոխհատուցումը, հուսամ կսթափեցնի որոշ մարդկանց, որոնք մտածում էին, թե իրենց կարելի է մարդկանց պատվի ու արժանապատվության հետ խաղալ՝ անպատիժ մնալով: Շնորհակալություն փաստաբանիս ու իր թիմին արդարություն գտնելու ճանապարհին օգնելու համար»:
Մարինա Խաչատրյանը Նանուշյանից հրապարակայնորեն ներողություն կխնդրի հայտարարությունը հրապարակելով «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր անձնական էջում կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում: