Զորամասի կացարանում հրդեհը բռնկվել է, նախնական տվյալներով, հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում․ Պապիկյան


Զորամասի կացարանում հրդեհը բռնկվել է, նախնական տվյալներով, հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում․ Պապիկյան

  • 19-01-2023 11:46:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ՊՆ N զորամասի կացարանում հրդեհը բռնկվել է, նախնական տվյալներով, հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում, այսօր կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վկայակոչելով Քննչական կոմիտեի նախնական տվյալները, շեշտեց՝ մեծ քանակությամբ բենզին է օգտագործվել։
 
«2022 թվականի դեկտեմբերի 21-ին ԶՈւ ԳՇ պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրությունը և հստակ հրաման է տվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։ 7-րդ կետում նշվում է՝ «խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին»։ Այս հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտար պարզապես չունենալ այս դեպքը», - հայտարարեց գործադիրի ղեկավարը՝ դեպքից որոշ մանրամասներ ներկայացնելով․ - «Բայց մենք ինչ ենք պարզում, պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել վառարանն օգտագործելու համար 5 լիտրանոց տարայով, նախնական են տվյալները, փորձ է արվել բացել լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ որ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, էլի նախնական տվյալներով, էդ 5 լիտրանոցով բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, մեծ հավանականությամբ, ոչ դիտավորյալ»։
 
Վարչապետը հույս հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները։
 
Պապիկյանը տեղեկացրեց մի շարք պաշտոնանկությունների մասին։
 
Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։
 
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի փոխանցմամբ, երեք վիրավոր զինծառայողները գտնվում են Այրվածքաբանության կենտրոնում, երկուսը՝ վերակենդանցման բաժանմունքում։ «Մեկի վնասվածքներն ավելի թեթև են, բաժանմունքային պացիենտ է», - ասաց նախարարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play