Նրանց զբաղեցրած պաշտոններն ինչ-որ կերպ առնչվում են խնդրին. Պապիկյանը հայտնեց մի շարք պաշտոնյաների պաշտոնանկության մասին
19-01-2023 12:36:10 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Այսօր Կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հաստատեց, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի համար մի շարք պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
«Պաշտոններից ազատվել են երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալ, թիկունքի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալը: Մարտական հերթապահության գծով կորպուսի հրամանատարի տեղակալը, N զորամասի շտաբի պետը, հրամանատարի տեղակալը, N զորամասի թիկունքի գծով հրամանատարի տեղակալը, զորամասի ինժեներական ծառայության պետը, N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատարը և Զինված ուժերի թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը»,- մանրամասնեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Վերջինիս խոսքով՝ նրանց զբաղեցրած պաշտոնները ինչ-որ կերպ առնչվում են խնդրին, և, բնականաբար, մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական կտրվի խնդրին, նրանց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ:
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ պաշտպանության նախարարի հրամանով եղել են մի շարք պաշտոնանկություններ, այդ թվում՝ պաշտոնից ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը, որի հրամանագիրը ՀՀ նախագահն արդեն ստորագրել է: