Այրված մարմինների մեջ Պավլիկի ծնողները երեխայի դին չեն ճանաչել. մարմինը տարել են ԴՆԹ փորձաքննության. Աչաջուրի վարչական ղեկավար
19-01-2023 20:21:41 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Պավլիկ Աբազյանը մեկուկես տարվա զինծառայող էր, մայրը կարի արհեստանոցում էր աշխատում, հայրը՝ մասնավոր գործեր է անում, հիմնական աշխատանք չունի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Աչաջուրի վարչական ղեկավար Կարեն Ղալթախչյանը:
«Պավլիկը մարզիկ էր, տարբեր մրցանակների էր արժանացել, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի պետական ճարտարագիտական համալսարան, չի հասցրել դասի գնալ, տարել են բանակ: Աշխույժ, ակտիվ երեխա էր, դպրոցում լավ էր սովորում»,- նշեց Ղալթախչյանը:
Նրա խոսքով՝ Պավլիկի ծնողներն ավելի վաղ են իմացել դեպքի մասին և գնացել դեպքի վայր, որտեղ էլ իմացել են, որ իրենց որդին ևս զոհվել է:
«Այրված մարմինների մեջ Պավլիկի ծնողները երեխայի դին չեն ճանաչել. մարմինը տարել են ԴՆԹ փորձաքննության»,- ասաց Աչաջուրի ղեկավարը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում`Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: