Պաշտոնական Բաքուն պատասխանել է ԵԽ նախագահի հայտարարությանը՝ այն անվանելով «պարադոքսալ»


Պաշտոնական Բաքուն պատասխանել է ԵԽ նախագահի հայտարարությանը՝ այն անվանելով «պարադոքսալ»

  • 20-01-2023 11:29:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն «Թվիթեր»-ի իր միկրոբոլոգում պատասխանել է Եվրոպայի խորհրդի նախագահ, Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորդիս Կոլբրունի հայտարարությանը:
 
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ի լուր աշխարհի հայտարարել է, թե իբր Լաչինի միջանցքում անցկացվող «խաղաղ բողոքի ակցիան ադրբեջանական հողերում բնական պաշարների ապօրինի շահագործումը և ճանապարհի չարաշահումը կանխելու պահանջով» է և լիովին «օրինական»։
 
«Պարադոքսալ է, բայց ԵԽ Նախարարների կոմիտեում Իսլանդիայի ներկայացուցիչը մերժում է հարյուր հազարավոր ներքին տեղահանված ադրբեջանցիների մարդու իրավունքները, պատերազմական հանցագործությունները և Հայաստանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը»,- հայտարարել է Հաջիզադեն՝ չմոռանալով կոչ անել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահին՝ զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են «խաթարել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»:
 
Նշենք, որ Իսլանդիայի ԱԳ նախարարը հայտարարել էր․ «Ես մտահոգված եմ Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց ավելի ու ավելի ծանրացող մարդասիրական իրավիճակով։ Ես կոչ եմ անում պատկան իշխանություններին արագորեն վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։ Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ իրենց տարաձայնությունները հարթել երկխոսության միջոցով և պատրաստ լինել իրենց ներդրումն ունենալ այս հարցում»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը