Երկու ժամկետային զինծառայողի ճաղավանդակներով պատուհաններից է մի կեպ հնարավոր եղել հանել. ՀՀ զինվորական դատախազ


Երկու ժամկետային զինծառայողի ճաղավանդակներով պատուհաններից է մի կեպ հնարավոր եղել հանել. ՀՀ զինվորական դատախազ

  • 20-01-2023 13:05:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը մանրամասնել է, թե ինչպես է երեկ Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտում հրդեհը բռնկվել:
 
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ ինժեներասակրավորային վաշտի սպան, կոչումով կապիտան, որը հանդիսացել է օրվա պատասխանատու հերթապահը, վառարանի կրակը թեժացնելու նպատակով դուրս է եկել և զորամասի տարածքում գտնվող 5 լիտրանոց տարայով ավտոբենզինը վերցրել և վերադարձել է զորանոց։ Բենզինը վառարանի մեջ լցնելու ընթացքում հրդեհ է բռնկվել, բոցից նա այրվել է, համազգեստը՝ կպել, մեխանիկորեն ձեռքից նետել է բենզինով տարան, որի հետևանքով հրդեհը արագ տարածվել և մեծ արագությամբ բռնկվել է: Գոռացել է, բարձրաձայնել, միջոցներ է ձեռնարկել զինծառայողերին հանելու, բայց կրակը շատ արագ տարածվել է, իսկ մուտքը արգելափակվել է, և զինծառայողները այդ պահին դուրս գալու հնարավորություն չեն ունեցել»,- նշել է Էլիզբարյանը:
 
Նա նաև հավելել է, որ հետագայում միջամտել են դրսում գտնվող ժամկետային մի քանի զինծառայողներ: Նրանց օգնությամբ երկու ժամկետային զինծառայողի ճաղավանդակներով պատուհաններից մի կեպ հնարավոր է եղել հանել, այնուհետև ծխի և մրի պայմաններում այլևս հնարավորություն չի եղել միջոցներ ձեռնարկել. «Ահազանգել են արտակարգ իրավիճակների նախարարություն, հրշեջ ծառայություն, շտապօգնություն, և միջոցներ է ձեռնարկվել հրդեհը մարելու համար»:
 
Գրիգոր Էլիզբարյանի խոսքով՝ սպան ողջ է, այս պահին գտնվում է Այրվածքաբանության կենտրոնում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, բայց գիտակցությունն առկա է. «Դեռևս կոնտակտի մտնելու հնարավորությունը քիչ է, դեմքի շրջանում և մարմնի այլ մասերում ունի բազմաթիվ վնասվածքներ, շփումը սահմանափակ է»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը