Ինչ միտում ունեն սահմանի այն կողմից հնչող ուղերձները Դաշնակցային հարաբերությունների ամրապնդումն առաջին պլան է մղվում

Ինչ միտում ունեն սահմանի այն կողմից հնչող ուղերձները Դաշնակցային հարաբերությունների ամրապնդումն առաջին պլան է մղվում

  • 20-01-2023 14:33:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. Նախօրեին Կարսում տեղակայված Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի 14-րդ մոտոհրաձգային բրիգադի բազայի վրա Թուրքիան եւ Ադրբեջանն սկսել են հերթական համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են եւս 6 պետության զինված ուժերի անձնակազմեր: Զորավարժություններն անցկացվում  են Հայաստան-Թուրքիա սահմանի մոտ: Ըստ Թուրքիայի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության՝ երկշաբաթյա վարժանքների ժամանակ կփորձարկվեն ձմեռվա խիստ պայմաններում ականանետների կիրառումը, զորքերի կրակային մանեւրը եւ համաժամանակեցումը, նրանց փոխգործակցությունը եւ համատեղ ռազմական օպերացիաները:
 
Թյուրքական պետությունները նոր տարին սկսում են հերթական համատեղ զորավարժություններով: Այստեղ պետք է արձանագրել, որ նախորդ տարվա վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, Թուրքիայի նախագահը «Twitter»-ի իր էջում գրել էր, որ 2022 թ. Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ իրականացրել են 12 զորավարժություն, այլ կերպ ասած՝ ամեն ամիս մեկ զորավարժություն: Նման ինտենսիվ մարտական պատրաստությունների ֆոնին պատահական չէ, որ չեն դադարում Ադրբեջանից ռազմատենչ հայտարարությունները եւ ուժի սպառնալիքները՝ ուղղված Հայաստանին ու Արցախին: Թուրք-ադրբեջանական վերջին համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել Ադրբեջան-Իրան սահմանի երեք հատվածում՝ Աստարայում, Իմիշլիում եւ Ջրականում, իսկ 2023 թ. թյուրքական պետությունները զորավարժություններն սկսում են Կարսի հարակից հայ-թուրքական սահմանին:
 
Սովորաբար զորավարժությունները, բացի ռազմական ուժի ցուցադրումից, նաեւ որոշակի ուղերձներ են պարունակում: Իրանի սահմանին իրականացված զորավարժությունը, որին ներգրավվել էին տարբեր զորքերի ստորաբաժանումներ, մեծաթիվ մարտական տեխնիկա եւ երկու երկրների ավիացիաները, պատասխան էր Ադրբեջանի հետ սահմանին Իրանի անցկացրած լայնածավալ զորավարժություններին: Հայաստանը հրաժարվեց իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել, բայց դա ոչ մի ազդեցություն չունեցավ թյուրքական պետությունների գործողությունների վրա, որոնք տարին սկսեցին Կարսի հարեւանությամբ ուժի ցուցադրմամբ: Բայց այստեղ չպետք է անտեսել մեկ հանգամանք. այս զորավարժություններն անցկացվում են ոչ միայն Հայաստանի հետ սահմանի մոտ, այլեւ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի դիմաց:
 
Պատկերն ամբողջականացնելու համար արձանագրենք, որ զորավարժություններին միացած երկրների թվում նաեւ Կոսովոն է՝ այդ չճանաչված երկրի պաշտպանության նախարարի գլխավորությամբ, այն դեպքում, երբ վերջին ամիսներին աննախադեպ սրվել են Կոսովոյի ալբանացիների եւ տեղի սերբ բնակիչների հարաբերությունները: Ի դեպ, այս խնդրում ՌԴ-ն մշտապես եղել է սլավոնական արմատներով սերբերի կողքին: Վերոնշյալ փաստերը թույլ են տալիս ձեռնպահ մնալ մեկնարկած զորավարժությունների հասցեատիրոջ մասին կտրուկ դատողություններ անելուց: Ռազմական փորձագետները գործընկերային ջերմ հարաբերությունների ֆոնին քիչ հավանական են համարում Թուրքիա-ՌԴ հակադրությունը, բայց չպետք է մոռանալ, որ ուկրաինական հակամարտության պայմաններում Անկարան Մոսկվայից ոչ քիչ օգուտներ է կորզում, որոնք հատկապես տնտեսական ծանր պայմաններում գտնվող Թուրքիայի համար օդի ու ջրի պես անհրաժեշտ են, առավել եւս, որ այս տարի այնտեղ սպասվում են նախագահական ընտրություններ:
 
Մյուս կողմից էլ հայտնի թեզ է, որ Թուրքիայի համար չկան հավերժ թշնամիներ եւ դաշնակիցներ: Նախագահական ընտրությունների նախաշեմին նաեւ ՌԴ-ի օգնությամբ իր տնտեսական եւ քաղաքական դիրքերն ամրացնել փորձող Էրդողանի վարքը դժվար կլինի կանխատեսել ընտրությունների՝ իր համար նախընտրելի ավարտից հետո: Եթե սրան գումարենք նաեւ վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեղեկատվությունն այն մասին, որ Ադրբեջանն իր ագրեսիվ պահվածքը Արեւմուտքում հիմնավորում է հայ-ռուսական հնարավոր սպառնալիքով, ապա ամենեւին չպետք է բացառել, որ Կարսի զորավարժությունների ուղերձները հենց ՌԴ 102-րդ ռազմաբազային են ուղղված: Եթե այդպես է, թյուրքական պետությունները նման վարքով առնվազն ստիպում են Իրանին եւ Ռուսաստանին տարածաշրջանում ամրապնդել իրենց դաշնակցային հարաբերությունները՝ նաեւ որոշակիացնելով իրավիճակը Հայաստանի ու Արցախի շուրջ:
 
Արմեն Վարդանյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը