Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն կան խնդիրներ

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն կան խնդիրներ

  • 20-01-2023 14:57:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։
 
Այս մաիսն հայտնում են Արցախի օպերատիվ շտաբից՝ նշելով, որ կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար:
 
Բնակչությանը հորդորում են լինել ուշադիր և պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները։
 
Հիշեցնենք՝ հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին արգելափակել էր Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ Նույն օրվա երեկոյան հայտնի դարձավ, որ վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը:
 
Սակայն 1 օր անց՝ հունվարի 18-ին, պատկերը կրկնվեց:
 
Արցախում էլեկտրաէներգիայի խնդիր ևս կա: Հունվարի 9-ից ի վեր ադրբեջանական կողմը արգելում է մասնագետներին մոտենալ և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վրա, ինչի պատճառով Արցախի ամբողջ տարածքում 4-ժամյա հովհարային անջատումներ են:
 
Հիշեցնենք նաև, որ Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումն Ադրբեջանը խափանել էր նաև դեկտեմբերի 13-ին, այն վերականգնվել էր 3 օր անց՝ դեկտեմբերի 16-ին:
 
Հայաստանից Արցախ գազատարն անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտին ևս Ադրբեջանը 2 անգամ խափանել էր Արցախի գազամատակարարումը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը