Արցախը շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ և միայն ԿԽՄԿ-ն ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ունեն ելումուտի հնարավորություն

Արցախը շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ և միայն ԿԽՄԿ-ն ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ունեն ելումուտի հնարավորություն

  • 20-01-2023 18:25:06   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Շուրջ 40 օր է արդբեջանական կողմի ապակառուցողական վարքի պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
 
Ինչպես տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ շրջափակման ընթացքում Արցախ չի մատակարարվել հազարավոր տոննաներով կենսական նշանակության ապրանքներ, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից Արցախ մատակարարված ապրանքները չնչին մաս են կազմում։
 
«Այս ընթացքում Արցախի Հանրապետության տարբեր գերատեսչություններ Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցներից, տարբեր հասարակական կազմակերպություններից ու կառույցներից բազմաթիվ հեռախոսազանգեր են ստանում՝ Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու ցանկությամբ, սակայն տեղեկացնում ենք, որ Արցախը շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ և մինչ այս պահը միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ունեն Արցախ ելք և մուտք իրականացնելու հնարավորություն, իսկ համացանցում տարածվող ցանկացած այլ տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում։
 
Տեղեկացնում ենք նաև, որ Արցախի պետական գերատեսչությունների հետ չհամաձայնեցված ցանկացած դրամահավաք առնվազն խնդրահարույց է, իսկ ճանապարհի արգելափակման հետևանքով ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիների խնդիրներով զբաղվում է ՀՀ կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը՝ Արցախի պատկան գերատեսչությունների հետ փոխգործակցությամբ»,-նշել են Արցախի տեղեկատվական շտաբը՝ հավելելով, որ լրացուցիչ հստակեցումների համար անհրաժեշտ է զանգահարել ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչություն ներքոհիշյալ հեռախոսահամարներով՝ 044 249 977, 044 249 988:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն