Թումոյի այգում զբոսնելու դուրս եկած որդուս գտանք արնաշաղախ, հարցրել են՝ սիգարետ ունե՞ս, ասում է` չէ, չեմ ծխում, անսպասելի հարվածել են․ Աստղիկ Ավետիսյան
Թումոյի այգում զբոսնելու դուրս եկած որդուս գտանք արնաշաղախ, հարցրել են՝ սիգարետ ունե՞ս, ասում է` չէ, չեմ ծխում, անսպասելի հարվածել են․ Աստղիկ Ավետիսյան
20-01-2023 18:27:55 | Հայաստան | Հասարակություն
Ամենաթողության արդյունքում Հայաստանում հայը չի կարող նորմալ ապրել, որովհետև արտաքին և ներքին թշնամին մեր հախից գալիս է։
Մի քանի օր առաջ Թումոյի այգում զբոսնելու դուրս եկած որդուս գտանք արնաշաղախ։ Դուրս էր եկել զբոսնելու, նստել է այգում և ականջակալներով երաժշտություն էր լսում։ Մեջքի կողմից մոտենում են երկու երիտասարդ, հարցնում են` սիգարետ ունե՞ս, ասում է` չէ, չեմ ծխում։ Այդ պահին անսպասելի հարվածում են դեմքին, ձորի պռնկին նստած` ակնոցը թռնում է, ինքը գլորվում ներքև։ Մեկը փախչում է, մյուսը` հետապնդում. հեռախոսն է ցանկանում վերցնել, բայց չի կարողանում։ Դիմադրություն տեսելով` երկրորդն էլ է փախչում։ Տղաս մոտենում է պարեկներին, ներկայացնում եղածը, հետ են վերադառնում դեպքի վայր, ակնոցը գտնում են, բայց մարդկային հետք` ոչ։ Ամենազավեշտալին, որ այդքան պարեկների առկայությունը մի տեղում, դանդաղաշարժությունը, անարդյունավետ աշխատանքը մի կողմ, իմ պարտադրման արդյունքում են միայն հրավիրում շտապ օգնություն։ Հիվանդանոց հասնելուն պես ոստիկանությունն է գալիս, այդ վիճակում խառնաշփոթ, խաչաձև հարցեր են տալիս, մի հատ էլ վախեցնում, թե` գիտես ով է, չես ասում։ Բժիշկը երկու անգամ միջամտում է, բայց ուղիղ երկու ժամ բժիշկը չի կարողանում առաջին օգնություն ցույց տալ։ Սա խոսում է անկիրթ, անմակարդակ վարքագծի մասին։
Այս պատմության բոլոր մանրամասները զուգակցելով և մարդկանց կարծիքը լսելով` մեկ եզրահանգում կա. բոլորը միանշանակ պնդում են, որ այս պատմությունն իմ և Ատոմի մասնագիտական կարծիք հայտնելու հետ է կապված։
Հայաստանում վախեցնում, ճնշում են մարդկանց իրենց կարծիքն ունենալու համար։ Բայց, եթե իշխանությունը կամ որևէ մեկը փորձում է մեզ այսպես լռեցնել, չարաչար սխալվում է։
Սա անմարդկային, խուլիգանական, ցինիկ վարքագիծ է։ Պատերազմից դասեր չքաղած` անգրագետ և անկիրթ կառավարմամբ արդեն չորս տարի ոչնչացնում եք հային, ընտանեկան արժեքները, ազգային մտածողությունը, մարդկային փոխհարաբերությունները։
Ես վստահ եմ, որ մեղավորները չեն պատժվելու, որովհետև դեռևս չի պատժվել հազարավոր երիտասարդների կյանքից զրկած և հազարավոր ընտանիքներ խեղած մարդը կամ մարդիկ։
Ոստիկանությունը նույնիսկ դժկամությամբ էր հաղորդումն ընդունում, որովհետև իր անելիքը մեկ հոգու թիկնապահ աշխատելն է, ի՜նչ գործի բացահայտում։
Ծնողնե՛ր, սա ահազանգ է, Հայաստանն անվտանգ չէ, զգուշացե՛ք, խուլիգանները մեր կողքին են։