Հայաստանը կոչ է արել ԵԽ-ին ստիպել Ադրբեջանին կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները

Հայաստանը կոչ է արել ԵԽ-ին ստիպել Ադրբեջանին կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները

  • 21-01-2023 11:48:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանը կոչ է արել Եվրոպայի խորհրդին ստիպել Ադրբեջանին կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները։
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր էջում այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
 
«Դեսպան Խաչատրյանը (ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյան-խմբ․) փոխնախարարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը բերում է ծանր հումանիտար հետևանքների Արցախի համար։ Հայաստանը կոչ է անում Նախարարների կոմիտեին վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի նշված ժամանակավոր միջոցների կատարումն ապահովելու համար»,- ասված է ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
 
Դեկտեմբերի 14-ին Հայաստանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը որոշել էր Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Այնուհետև, հունվարի 16-ին ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը