«Պապիկյանը որևիցե ձևով այս ամենի հետ չի կարող կապ ունենալ։ Նա համաձայնություն է տվել բանակը վերցնել ու սկսել բարեփոխումներ»․ Ալեն Սիմոնյան

«Պապիկյանը որևիցե ձևով այս ամենի հետ չի կարող կապ ունենալ։ Նա համաձայնություն է տվել բանակը վերցնել ու սկսել բարեփոխումներ»․ Ալեն Սիմոնյան

  • 23-01-2023 13:48:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքին։ «Թող քննությունը գնա, վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր մեղավորները նաև քրեաիրավական պատասխանատվություն կկրեն»,- ասաց նա։
 
Հարցին, թե նաև պաշտպանության նախարարը պաշտոնանկ կարվի՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ մարդիկ ովքեր պատասխանատու են անվտանգության համար, պատժվելու են։ Ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանը, քաղաքական ղեկավարությունն իր կողմից աշխատանքն արել է և շարունակելու է անել։ Ըստ նրա՝ դժբախտ պատահարը սարքել քաղաքական շահարկման թեմա և դա փորձել մտցնել քաղաքական օրակարգ, անթույլատրելի է։
 
«Պաշտպանության նախարարը որևիցե ձևով այս ամենի հետ չի կարող կապ ունենալ, որովհետև իր գործառույթի մասով իր աշխատանքն ամբողջովին արել է։ Եվ այդ քաղաքական սակարկումները նախարարի վերաբերյալ շատ սին ու անտեղի եմ համարում, որովհետև այն բարեփոխումները, որոնք պարոն Պապիկյանն է իրականացնում, նաև այն պատասխանատվությունը, որն ինքը վերցրել է, լինելով փոխվարչապետ, պատերազմից հետո այդ վիճակում նա համաձայնություն է տվել բանակը վերցնել ու սկսել բարեփոխումներ»։
 
Հարցին, թե ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Բարեփոխումներն սկսած անձնակազմի փոփոխությունից, վերջացրած կահավորումով, որը բոլոր տեղերում փոխվել է ու փոխվում է։ Նաև դրսից տարբեր որակի ու բարձր մակարդակի կահավորումներ ենք ներմուծել ՀՀ»։
 
Լրագրողները նաև հարց հնչեցրին այն մասին, որ պաշտոնյաների ճոխ ծախսերի գումարներով հնարավոր էր կահավորել առաջնագիծը։ «Հայաստանի Հանրապետությունը բանակի վրա ծախսելու գումարի որևիցե խնդիր չունի։ Եվ 2018 թվականից սկսած որևիցե դեպք չի եղել և չկա, որ գումարի պատճառով մենք որևիցե գնում չենք կատարել»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը