Չչճշտված լուրերի համաձայն, դասակի հրամանատարը Արթուր Վանեցյանի մտերմներից մեկի եղբայրն է.«Հայկական ժամանակ»


Չչճշտված լուրերի համաձայն, դասակի հրամանատարը Արթուր Վանեցյանի մտերմներից մեկի եղբայրն է.«Հայկական ժամանակ»

  • 23-01-2023 19:02:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Գեղարքունիքի մարզում Ազատ գյուղի զորամասի հրդեհված կացարանի դասակի հրամանատարը, որը դեպքի օրը հարցազրույց էր տվել լրատվամիջոցներին, ձերբակալվել է: Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության անդամ, իրավաբան Արսեն Բաբայանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ հանդիսանում է նրա փաստաբանը:
 
«Հայկական ժամանակ»-ի հարցադրմանը՝ արդյոք սպայի հետ կապված որևէ իրավական գործընթաց իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ, ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ այս պահին որևէ քրեական հետապնդում հարուցված չէ։
 
Նշենք, որ, որոշ չճշտված լուրերի համաձայն, դասակի հրամանատարը Արթուր Վանեցյանի մտերմներից մեկի եղբայրն է, և հենց Վանեցյանի ցուցմամբ է հարցազրույց տվել լրատվամիջոցներին ու քննադատել իշխանությանը։
 
Հիշեցնենք՝ ըստ ՀՀ քննչական կոմիտեի նախնական տվյալների՝ զորամասի կացարանի հրդեհը բռնկվել է, երբ կացարանի սպան վառարանը փորձել է վառել 5 լիտրանոց ավտոբենզինի միջոցով, որի հետևանքով այրվածքներ ստանալով՝ մեխանիկորեն իր ձեռքի ավտոբենզինով լի տարան նետել է մի կողմ, որն ընկել է կացարանի մեջ։ Սակայն դեպքի օրը հրդեհի վայրում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հրդեհից զոհված զինծառայողների դասակի հրամանատարը շրջանառվող նախնական վարկածը համարել էր «թյուր վարկած»: «Դա ընդամենը վարկած է: Եթե այդ վարկածի արդյունքում կան զոհեր ու վիրավորներ, չեմ կարող մեկնաբանել կամ բարձրաձայնել, քանի որ չգիտեմ՝ որքանով է իրականությանը համապատասխանում, հնարավոր է՝ դա թյուրիմաց վարկած է»,- ասել էր նա։ 
 
Նա նաև նշել էր, թե բանակի թուլացումը, կամ զինվորական ոլորտում ոչ պատշաճ բառով ասած՝ «բարդակը» գալիս է բոլորից. «ԳՇ պետ, նախարար, վարչապետ: Սրանից հետո ինձ ինչ ուզում է, թող անեն, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, որովհետև չկա ավելի վատ բան քան, զոհված զինվորների ծնողներին պատասխան տալ չկարողանալը»:
 
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի պայթյունի և դրա հետևանքով զոհերի ու վիրավորների մասին հայտնի դարձավ հունվարի 19-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունից, որով հայտնվում էր՝ չպարզված հանգամանքներում պատահարը տեղի է ունեցել ժամը 01:30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 3 անձ:
 
Այնուհետև հայտնի դարձավ զինվորական պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց պաշտոնանկությունների մասին, որոնք, ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ինչ-որ կերպ պատասխանատվություն են կրում տեղի ունեցած համար:
 
ՀՀ քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունն էլ հայտնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը