Ֆրանսիան ուրախ կլինի մասնակցել Հայաստանում եվրոպական առաքելությանը. ԱԳ նախարար


Ֆրանսիան ուրախ կլինի մասնակցել Հայաստանում եվրոպական առաքելությանը. ԱԳ նախարար

  • 24-01-2023 11:32:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն ստեղծելու որոշման կարևորությանը:
 
«Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում նա գրել է, որ Ֆրանսիան ուրախ կլինի մասնակցել եվրոպական այս առաքելությանը:
 
Եվրոպական խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում:
 
Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր, ինչին աջակցում է ԵՄ-ն: 
 
Հաղորդագրությունում ասվում է, որ ի պատասխան Հայաստանի խնդրանքի՝ Հայաստանում ԵՄ առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչի շնորհիվ ԵՄ-ն ավելի հիմնավոր պատկերացում կունենա տեղում իրավիճակի մասին: Առաքելությունը նաև կնպաստի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում միջնորդական ջանքերին:
 
Հայաստանում ԵՄ առաքելությունը նախնական մանդատ կունենա երկու տարի ժամկետով: Առաքելության օպերատիվ շտաբը կլինի Հայաստանում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը