Նվիրաբերված 100 տոննա հումանիտար բեռը հնարավոր չէ հասցնել Արցախ․ բանակցություններ են տարվում ռուս խաղաղապահների հետ


Նվիրաբերված 100 տոննա հումանիտար բեռը հնարավոր չէ հասցնել Արցախ․ բանակցություններ են տարվում ռուս խաղաղապահների հետ

  • 24-01-2023 18:48:51   | Հայաստան  |  Արցախն այսօր

«Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիս քաղաքում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ:
 
Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ:
 
Այս մասին տեղեկացնում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
 
Բեռը տեղափոխելու հնարավորության դեպքում՝ այն կպահեստավորվի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների:
 
Նախարարությունը նշված իրավիճակում անթույլատրելի է համարում այս թեմայի շուրջ համացանցով և բնակչության շրջանում մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումը, որոնք հանրությանը բացահայտ մոլորեցնելու նպատակ են հետապնդում:
 
 
Նոյյան տապան  -   Արցախն այսօր