Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան նոր նախագահ ունի. Մելանյա Ստեփանյանի գործով դեռևս զարգացում չկա


Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան նոր նախագահ ունի. Մելանյա Ստեփանյանի գործով դեռևս զարգացում չկա

  • 24-01-2023 18:52:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան նոր նախագահ ունի։ Նախկին նախագահ Մելանյա Ստեփանյանին փոխարինում է ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Արամ Վասյանը։ Նա 2012 թվականից զբաղեցրել է ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը։
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ ֆեդերացիայի նախկին նախագահ Մելանյա Ստեփանյանից։
 
Ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին, Ստեփանյանը հայտնեց, որ գործով այս պահին որևէ զարգացում չկա:
 
Հիշեցնենք՝ 2022 թվականի մայիսի 25-ին գրել էինք, որ ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, ֆեդերացիայի տարեկան հաշվետվության պետական բյուջեից, որպես պատրվակ օգտագործելով մարզական հավաքը, 2020 թվականին յուրացրել է խոշոր չափի գումար՝ մոտ 3 մլն դրամ:
 
Նա նաև հայտնել էր, որ պարբերաբար ստացվել են դիմում-բողոքներ կամ դժգոհություններ՝ կապված ֆեդերացիայի և Մելանյա Ստեփանյանի գործունեության հետ:
 
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն էլ, որը, ի դեպ, երգչուհի Սոնա Ռուբենյանի սկեսուրն է, մեր զրույցում անդրադառնալով իր հասցեին հնչող մեղադրանքներին, դրանք համարել էր զրպարտանքներ։
 
2022 թվականի նոյեմբերին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որի համաձայն՝ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել, և որոշում է կայացվել վերջինիս պաշտոնավարումը «ՀՀ գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնում կասեցնելու մասին:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play