120.000 մարդկանց պաշարման քաղաքականությունը, նրանց դեմ ուժի կիրառումն իրականացվում է ԵԽ անդամ պետության կողմից. Գևորգյան


120.000 մարդկանց պաշարման քաղաքականությունը, նրանց դեմ ուժի կիրառումն իրականացվում է ԵԽ անդամ պետության կողմից. Գևորգյան

  • 25-01-2023 15:06:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «120.000 մարդկանց պաշարման պետական քաղաքականությունը, նրանց դեմ ուժի կիրառման ամենօրյա սպառնալիքներով հանդերձ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի անդամի կողմից: Ադրբեջանի անպատիժ անդամակցությունը հանգեցրել է այս ավտորիտար ռեժիմի անպատժելիության զգացման ամրապնդմանը և մեր կազմակերպությունը վերածել հայ ժողովրդի դեմ իր ագրեսիվ քաղաքականությունը լեգիտիմացնող գործակալության»:
 
Այս մասին ԵԽԽՎ  Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով իր ելույթում ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը:
 
ԱԺ հանրային կապերի բաժինը հրապարակել է նրա ելույթն ամբողջությամբ.
 
«Պարո՛ն նախագահ,
 
Ձեզ քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղն ավելի քան 40 օր է՝ պաշարված է Ադրբեջանի կողմից: Մեր կազմակերպությանն իր անդամակցության ամբողջ ընթացքում Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվել է քաղաքական բռնությամբ և պատերազմով՝ որպես պետական քաղաքականության գործիքներ և միջոցներ: Ադրբեջանի կառավարությունը շարունակաբար արմատական ռասիզմի և էթնիկ զտումների քաղաքականություն է վարել «այլոց» և հատկապես՝ հայերի դեմ: Ադրբեջանի պետական քաղաքականության մեկ այլ բնորոշ գիծն էլ Եվրոպա նավթի և գազի արտահանման ներուժի շահարկումն է՝ որպես իր եզակի առավելություն: Ուստի մեզնից յուրաքանչյուրը կարող է որոշել՝ նման քաղաքականությունը ֆաշի՞զմ է, ազգային ռադիկալի՞զմ, թե՞ պետական ահաբեկչություն:
 
Այսօր կխնդրեի ձեզ մտորել երեք հիմնական ուղղություններով.
 
1. 120.000 մարդկանց պաշարման պետական քաղաքականությունը, նրանց դեմ ուժի կիրառման ամենօրյա սպառնալիքներով հանդերձ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի անդամի կողմից: Ադրբեջանի անպատիժ անդամակցությունը հանգեցրել է այս ավտորիտար ռեժիմի անպատժելիության զգացման ամրապնդմանը և մեր կազմակերպությունը վերածել հայ ժողովրդի դեմ իր ագրեսիվ քաղաքականությունը լեգիտիմացնող գործակալության:
 
2. Այս վեհաժողովում ներկայացված բազմաթիվ պետություններ ճանաչել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Լեռնային Ղարաբաղի պաշարումն այդ հանցագործության հաջորդ փուլն է: Ընդ որում, մարդկության դեմ այդ հանցագործությունը դեռևս ժխտվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի այս պետական հանցավոր քաղաքականությունը և որևէ ու երբևէ հնարավոր խաղաղ գործընթաց չպետք է խառնել իրար. մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է: Սա բանակցության հետ կապ չունի: Հետևաբար, սա չդատապարտելը հստակ նշանակում է աջակցել այս հանցագործության իրականացմանը, այլ ոչ թե ճանապարհ է թողնում դիվանագիտության համար:
 
3. Այն, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղում, սոսկ հումանիտար աղետ չէ: Դա այժմ ավելի մեծ խնդիր է, քան պարզապես հայ-ադրբեջանական խնդիրը, կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը: Խոսքը Եվրոպայի քաղաքակրթական ինքնության մասին է: Այժմ խոսքը մի կողմից ժողովրդավարության, արժանապատվության և խաղաղության, իսկ մյուս կողմից՝ «էներգետիկ անվտանգության», ամոթի և ոտնահարումների միջև ընտրության մասին է: Պատմությունը մեզ հուշում է, թե որն է խայտառակ ընտրությունների գինը:
 
Պարո՛ն նախագահ, ավարտելով խոսքս՝ թույլ տվեք ասել, որ Հարավային Կովկասի հայությունը, լինի Հայաստանում, կամ՝ այս օրերին շրջափակված Լեռնային Ղարաբաղում, դարեր շարունակ պայմաններ է ստեղծել ոչ միայն մեր՝ բնիկ ազգային մշակույթի և ինքնության պահպանման ու զարգացման համար, այլև այդ հարցերում օգնել է շատ այլ ազգերի: Չնայած մեր աշխարհագրական և ժողովրդագրական չափերին և շարունակական մարտահրավերներին՝ մենք շարունակելու ենք այս առաքելությունը՝ անկախ նրանից՝ դա ինչ-որ մեկին դո՞ւր է գալիս, թե՞ ոչ»,- հայտարարել է Արմեն Գևորգյանը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play