Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն ավելի խորացնում են ճգնաժամը. ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ


Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն ավելի խորացնում են ճգնաժամը. ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ

  • 27-01-2023 12:38:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն ավելի խորացնում են ճգնաժամը՝ անկախ իրենց շարժառիթներից։
 
ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է բրիտանացի պատգամավոր Ջիլ Մորթիմերը: 
 
Նա նկատել է, որ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմները տևական լուծման և երկու երկրների միջև դրական հարաբերությունների չեն հանգեցրել։ 
 
«Նույնիսկ ռազմագերիները չեն վերադարձվել։ Եթե այս երկրները ցանկանում են խաղաղ ապրել միմյանց հետ՝ որպես լավ հարևաններ, ապա նրանք պետք է միջոց գտնեն՝ ազնվորեն և բարեխղճորեն խոսելու միմյանց հետ։ Ես Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին կոչ եմ անում ներգրավվել Եվրամիության ջանքերում՝ ապահովելու խաղաղություն և կայունություն։ Այժմ մենք տեսնում ենք դանդաղ քայլերթ դեպի հումանիտար աղետ։ Մենք պետք է կանխենք դա»,- ասել է Ջիլ Մորթիմերը։ 
 
Վերջինս խոսել է նաև Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը վերականգնելու կարևորության մասին:
 
«Անկախ իրենց շարժառիթներից՝ Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են խորացող ճգնաժամի վատթարացմանը։ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին կոչ եմ անում վերահաստատել, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է երաշխավորի մարդկանց, փոխադրամիջոցների և բեռների անվտանգ անցումը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով։ Սա՛ է լուծումը»,- հայտարարել է քաղաքական գործիչը՝ կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին փրկել իրենց ժողովուրդներին հետագա աղետից, որի առաջին քայլը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացումն է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը