Մենք կշարունակենք լինել ներգրավված և ճնշում գործադրել․ ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը


Մենք կշարունակենք լինել ներգրավված և ճնշում գործադրել․ ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը

  • 28-01-2023 11:47:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացմանը։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը։
 
Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ մարդասիրական իրավիճակի հետ մեկտեղ, այդ պատճառով է, որ Վաշինգտոնն ակտիվորեն ջանքեր է գործադրում՝ միջանցքի վերաբացման ուղղությամբ: Պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդն ընդգծում է՝ Լաչինի միջանցքի արգելափակման հարցն առաջնային էր պետքարտուղար Բլինքենի՝ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ ունեցած վերջին հեռախոսազրույցներում:
 
«Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել միջանցքը և ընդգծել առևտրային և մասնավոր անխոչընդոտ երթևեկության կարևորության մասին։ Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում տեղի հայ բնակչության իրադրության կապակցությամբ: Մենք կշարունակենք լինել ներգրավված և ճնշում գործադրել այս իրավիճակի շուրջ»,- հայտնել է նա:
 
Բացի այդ, Դոնֆրիդի կարծիքով՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա են նաև այլ խոչընդոտներ:
 
«Դրանից զատ, իհարկե, առկա է տասնամյակների ցավալի պատմություն երկու երկրների հարաբերություններում: Այսպիսով, թե հայկական և թե ադրբեջանական կողմերն ունեն հասկանալի մտահոգություններ, և մենք արձանագրում ենք այս երկու երկրների միջև վստահության բացակայություն»,- պնդել է Դոնֆրիդը:
 
Նա նկատել է՝ հայ-ադրբեջանականն բանակցային գործընթացը, որը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի օրակարգային հարցերից է, ընդգրկում է բազմաթիվ բարդ խնդիրների շուրջ քննարկումներ, ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, երկրների միջև տրանսպորտային կապի վերաբացումը: ԱՄՆ-ն աջակցում է կողմերի միջև ուղիղ երկխոսությանը և ընդգծում դրա անհրաժեշտությունը, քանի որ միայն այս միջոցով, ըստ պետքարտուղարի տեղակալի, հնարավոր է հասնել վերոհիշյալ բարդ խնդիրների կարգավորմանը:
 
«Մենք գտնում ենք, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը խորապես հանձնառու է այս գործընթացին։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել՝ գիտակցելով, որ այն ծանր որոշումները, որոնք պետք է կայացվեն խաղաղությանը հասնելու համար, պետք է կայացվեն Երևանում և Բաքվում»,- նշել է նա:
 
Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները չեն կարող ունենալ ռազմական լուծում, իսկ միակ ճանապարհը խաղաղ գործընթացի միջոցով դիվանագիտական կարգավորումն է: «Մենք չէինք ցանկանա տեսնել իրավիճակի որևէ սրում»,-շեշտել է Դոնֆրիդը:
 
«Երկու երկրների միջև ստեղծված իրավիճակի ռազմական լուծում չենք տեսնում և կշարունակենք դիվանագիտորեն ներգրավված մնալ, ինչպես անում էինք՝ նախ վստահ լինելու համար, որ չկա էսկալացիա, և երկրորդը՝ օգնելու խրախուսել դրական առաջընթացը»,- ասել է նա:
 
Պետքարտուղարի տեղակալը երախտագիտություն է հայտնում ԵՄ-ը՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը մշտադիտարկելու նպատակով Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու համար: Դա մի նախաձեռնություն է, որին մենք լիովին աջակցում ենք, նշել է նա:
 
Դրա հետ մեկտեղ, դիվանագետը մտահոգություն հայտնեց տարածաշրջանում Մոսկվայի ու Թեհրանի ակտիվության վերաբերյալ: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում, իսկ Իրանը Հարավային Կովկասում ակտիվորեն փորձում է ընդլայնել իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական դերը:
 
Այս մտահոգություններն ավելացել են վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով, նկատում է Քերեն Դոնֆրիդը՝ շեշտելով՝ Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային ակտիվությունը պետք է էլ ավելի մեծ հրատապություն հաղորդի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը