Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից ևս մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ
30-01-2023 13:40:39 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից ևս մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ։ Երեք զինծառայողներն էլ այժմ հիվանդասենյակում են։
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկացրել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը:
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի և դրա հետևանքով զոհերի ու վիրավորների մասին հայտնի դարձավ հունվարի 19-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունից, որով հայտնվում էր՝ չպարզված հանգամանքներում պատահարը տեղի է ունեցել ժամը 01:30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 3 անձ:
Այնուհետև հայտնի դարձավ զինվորական պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց պաշտոնանկությունների մասին, որոնք, ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ինչ-որ կերպ պատասխանատվություն են կրում տեղի ունեցած համար:
ՀՀ քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունն էլ հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։