«Մալաթիա» տոնավաճառի տնօրենը աշխատողներին հորդորեց գնալ տուն. հանդիպում կլինի տեսչական մարմնի ղեկավարի հետ


«Մալաթիա» տոնավաճառի տնօրենը աշխատողներին հորդորեց գնալ տուն. հանդիպում կլինի տեսչական մարմնի ղեկավարի հետ

  • 01-02-2023 11:22:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Քիչ առաջ ավարտվեց «Մալաթիա» տոնավաճառի 10 աշխատակցի և տնօրենի հանդիպումը ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների հետ։ 
 
Հանդիպումից հետո տոնավաճառի տնօրենը հայտնեց, որ նույն կազմով այժմ գնում են հանդիպման տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հետ։ 
 
«Պետք է զրուցենք, վերջնական որոշում կայացնենք։ Պետք է թույլ տան աշխատենք։ Երեկ երեկոյան տեսչականի աշխատակիցներն այստեղ այցելության ժամանակ տեսան, որ հրդեհավտանգ տարածք չէ։ Այսօր պետք է մեզ պատասխան տան, թե քանի՞ օր են մեզ տալիս, որպեսզի վերացնենք տարածքի մյուս թերությունները»,- ասաց տնօրենը։ 
 
Նշենք՝ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել էին, որ այսօր՝ փետրվարի 1-ին, կասեցվելու է առևտրի կենտրոնի գործունեությունը։ Բանն այն է, որ տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։ Տեսչական մարմինը ժամանակ էր տվել՝ թերությունները շտկելու համար, սակայն տնտեսվարողն արձանագրած խախտումները չի վերացրել։
 
Տոնավաճառի տնօրենի խոսքով՝ տեսչական մարմնի նշած 17 թերություններից 12-ը վերացրել են։ Հունվարի 30-ին՝ երկուշաբթի օրը, նույնպես աշխատանքներ են կատարվել։ 
 
«Օրինակ՝ իրենք նշում են, որ շենքը շենքից 8 մետր հեռավորության վրա պետք է լինի, դա չի համապատասխանում, քանի որ շենքերը կառուցվել են 90-ականներին։ Մենք չենք կարող ուղղել։ Հիմա ուզում ենք հասկանալ՝ որո՞նք են առաջնային փոփոխությունները, անելիքները, որպեսզի մենք դրանք շտկենք»,- նշեց տնօրենը։ 
 
Հանդիպումը փակ է լինելու՝ առանց լրագրողների։ Տնօրենը աշխատակիցներին խնդրեց գնալ տուն։ Վաղը՝ ժամը 09:30, նորից կհանդիպեն, և տեղյակ կպահի տեսչական մարմնի ղեկավարի հետ հանդիպումից հետո ընդունված որոշման մասին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play