ԵԽ բանաձևում դատապարտվել է ԼՂ-ում հայկական մշակութային արժեքների ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը


ԵԽ բանաձևում դատապարտվել է ԼՂ-ում հայկական մշակութային արժեքների ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը

  • 01-02-2023 13:09:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Մշակույթի համար նոր եվրոպական օրակարգի և միջազգային մշակութային հարաբերությունների համար ԵՄ նոր ռազմավարության իրականացում» բանաձևը։
 
Բանաձևում անդրադարձ է կատարվում հակամարտային գոտիներում մշակութային արժեքների պաշտպանության հարցերին և դատապարտվում է վերջին հակամարտությունների ժամանակ պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը։ Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Ֆրանսիա) ստորագրած և նույն խմբակցության անդամ Պետրաս Աուստրևիչուսի (Լիտվա) կողմից համաստորագրված լրամշակման հիման վրա hստակ քննադատվում է նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը:
 
Բանաձևի 78-րդ կետում, մասնավորապես, նշվում է. «Եվրախորհրդարանը կոչ է անում հանձնաժողովին խստիվ դատապարտել վերջին հակամարտությունների ընթացքում պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության համակարգված և քաղաքական կամ գաղափարական շարժառիթներով նպատակաուղղված ոչնչացումը:
 
Եվրախորհրդարանը կոչ է անում հանձնաժողովին խստիվ դատապարտել նաև ինքնիշխան պետությունների, ժողովուրդների կամ փոքրամասնությունների ինքնության և մշակույթի արմատապես վերացումը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը»: Բանաձևն ընդունվել է նախորդ տարվա դեկտեմբերին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը