Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը կալանավորվել է
01-02-2023 18:39:02 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանին զենք մատակարարած Դավիթ Գալստյանը, որն առավելապես հայտնի է «Պատրոն Դավո» անունով, երկու ամսով կալանավորվել է: Դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակը՝ չմանրամասնելով, թե ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Գալստյանին։
Նշենք, որ երեկ հայտնի էր դարձել նրա ձերբակալման մասին։
Հիշեցնենք՝ «Պատրոն Դավոն» արդեն իսկ անցնում է քրեական գործով, որն առնչվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ու այլ անձանց: Նա կալանավորվել էր, այնուհետ՝ ազատ արձակվել:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, վերը նշված գործով կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար: