Պետք է երկխոսություն լինի, խնդիրը չի կարող լուծվել սեփական բնօրրանում 120 հազար մարդու բնաջնջմամբ. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը The Hill Times-ին


Պետք է երկխոսություն լինի, խնդիրը չի կարող լուծվել սեփական բնօրրանում 120 հազար մարդու բնաջնջմամբ. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը The Hill Times-ին

  • 01-02-2023 20:26:22   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կանադական հեղինակավոր The Hill Times պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառների եւ  դրա հետեւանքով Արցախում ստեղծված  իրավիճակի մասին:
 
Պետք է երկխոսություն լինի, խնդիրը չի կարող լուծվել սեփական բնօրրանում 120 հազար մարդու բնաջնջմամբ. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը The Hill Times-ին
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ներկայացնելով շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծված անմարդկային պայմանները, պարբերականը գրում է, որ հունվարի 25-ին Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների եւ միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը Լաչինի միջանցքի շրջափակման թեման դիտարկելու համար երկու նիստ է գումարել, որի շրջանակներում Վինձորի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Վաթերսը դեպի Արցախ մարդասիրական օգնության արգելափակումը բնութագրել է որպես «դե ֆակտո էթնիկ զտումներ»:
Հոդվածում մեջբերվում են  նաեւ հանձնաժողովի անդամներ Հիզեր Մաքֆերսոնի եւ Ժան-Պիեռ Գոդբաուի խոսքերը, ովքեր նշում են, որ Կանադան պետք է օգտագործի ՄԱԿ-ում իր դիվանագիտական խողովակները Լաչինի միջանցքը բացելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար:
Պարբերականի հետ զրույցում Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը նույնպես  կոչ է արել Կանադային եւ միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա եւ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության նկատմամբ Լաչինի միջանցքը բացելու համար: Ռուբեն  Վարդանյանը կոչ է արել «հումանիտար օդային միջանցք» ապահովել դեպի Արցախ մատակարարումներ իրականացնելու համար:
Արցախի պետնախարարը վիճարկել է Լաչինի միջանցքով երթեւեկության մասին Ադրբեջանի ներկայացրած տվյալները՝ նշելով, որ դեկտեմբերի 12-ից ի վեր ընդամենը մի քանի հարյուր բեռնատար է անցել Լաչինի միջանցքով, որոնք պատկանել են ռուս խաղաղապահներին եւ Կարմիր խաչի միջագային կոմիտեին: «Համեմատության համար նշեմ, որ շրջափակումից առաջ օրական 800-ից 1000 բեռնատար է  մտել Արցախ», - ասել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ շրջափակման հետեւանքով դադարեցվել են դեղորայքի, սննդի, վառելիքի եւ էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարումները:
«Մեր ողջ տնտեսությունը կանգնած է, որովհետեւ մենք չենք կարողանում արտադրության համար որեւէ ռեսուրս ներկրել կամ այստեղ արտադրվող որեւէ ապրանք արտահանել», - նշել է Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ սահմանափակ վառելիքի եւ էլեկտրաէներգիայի պայմաններում դպրոցները եւս ստիպված են եղել դադարեցնել իրենց աշխատանքը: «Անընդունելի է ձմռանը 30 000 երեխաների ստիպել ապրել առանց սննդի, առանց կրթության կամ առանց գազի եւ էլեկտրաէներգիայի: Ադրբեջանը պետք է ընդունի, որ պետք է երկխոսություն լինի, սա չի կարող լուծվել ռազմական ճանապարհով կամ սեփական բնօրրանում 120 000 մարդու էթնիկ զտումների ենթարկելով» - ամփոփել է պետնախարարը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը