Կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրումն ապահովելու ուղղությամբ


Կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրումն ապահովելու ուղղությամբ

  • 02-02-2023 14:13:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: 
 
Գործադիրը հաստատել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը: Այն պայմանավորված է քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի հետևողականորեն ներդրման անհրաժեշտությամբ, որը կապահովի բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրումը՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից: Ըստ հիմնավորման՝ ԱՀԱ-ի կառավարման նպատակով ԱՀԱ-ի ներդրման նախապատրաստական փուլում կստեղծվի առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ: 
 
Ինչպես նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, 2023 թվականին առաջին փուլում կհաստատվի ծառայությունների փաթեթը, որն արդեն իսկ մշակվել է: «Կհաստատվեն փաթեթի գները, դրանք չեն հաշվարկի մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն ծառայությունների արժեք: Կորոշվի պետության կողմից համաֆինանսավորման չափը: 2024 թվականից պետության կողմից ֆինանսավորվող պետական պատվերի շրջանակում մեր բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն, և նրանց մատուցվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական, ինչը կնպաստի, որ չունենանք խառը, մասնատված համակարգ: 2024 թվականին  կունենանք համապարփակ ապահովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ և կսկսենք արդեն կամավոր ապահովագրության շրջանակում ներառել նաև այլ ցանկացողների: 2025 թվականին պետության կողմից կներառվեն թոշակուռները՝ որպես ևս մի կարևոր պաշտպանության խումբ և պետության հոգածության շրջանակ, և նրանք նույնպես կօգտվեն ապահովագրական փաթեթի ամբողջ ծառայություններից: Այս տարիներին կշարունակվի կամավոր ապահովագրական շրջանակում քաղաքացիների ներառումը մեր ֆոնդի շրջանակներում: 2027 թվականից կունենանք պարտադիր ապահովագրական ամբողջ ծածկույթ ամբողջ բնակչության համար»,-ասել է նախարարը:
 
Անահիտ Ավանեսյանի դիտարկմամբ՝ նման փուլային ներդրումն արդյունավետ կլինի, քանի որ այս տարիներին նախաձեռնվել են առողջապահական համակարգի կարևորագույն բարեփոխումներ, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների բարելավմանը. «Կառավարության ծրագրով սահմանված է, որ մինչև 2026 թվականը մենք վերակառուցելու, կառուցելու և ամբողջովին վերազինելու ենք առնվազն 50 բժշկական կենտրոն: Իսկ մեր տեմպերը ցույց են տալիս, որ այս թիվը շատ ավելի մեծ է լինելու. արդեն 2023 թվականին ունենք 13 ընթացիկ շինարարություններ, 20 ամբուլատորիաների նախագծման և 7 բժշկական հաստատությունների նախագծման աշխատանքներ: Սա միայն պետության կողմից ներդրումներն են, կապիտալ ծախսերն են, բայց մենք ականտես ենք, որ մասնավոր հատվածը ևս ակտիվ ներդրումներ է իրականացնում, և այս տեմպը մեզ թույլ է տալու ունենալ համալրված, հագեցած բժշկական կենտրոններ, ամբուլատորիաներ, պոլիկլինիկաներ»: 
 
Առողջապահության նախարարն այդ համատեքստում կարևորել է  որակյալ ծառայությունների մատուցումը. «Մենք գնում ենք ստանդարտացված, միասնականացված, նույն էլեկտրոնային համակարգով ներդրվող կլինիկական պրոտոկոլների, գործելակարգերի և ուղեցույցերի ընթացքով: 2-3 տարիների ընթացքում արդեն  կունենանք ամբողջովին ներդրված համակարգ, որը  ապահովագրության շրջանակում նաև որակյալ ծառայություններ ունենալու գրավականն է լինելու: Ոչ միայն հասանելիությունն ենք ապահովելու, այլ՝ հասանելի բժշկական ծառայությունների որակը: Իհարկե,  չենք կարող խոսել որակյալ բժշկական ծառայությունների մասին առանց մարդկային ներուժի զարգացման, և մեր բուժաշխատողների կրթական, գիտական ծրագրերում նրանց մասնակցության: Մասնագիտական որակների անընդհատ բարելավումը մեզ համար կարևոր ուղղություն է:  2023 թվականի արդեն իսկ հունվարի 1-ից Հայաստանում գործում է հավաստագրման համակարգը, որը մի բաղադրիչ է  ապահովելու բժիշկների, բուժաշխատողների շարունակական զարգացումը: Առաջիկայում մենք ունենալու ենք նաև լիցենզավորման ներդրումը, նպատակային կրթական ծրագրերի ընդլայնումն ու այսպես շարունակ: Սրանք հիմքն են հանդիսանալու, որ ֆինանսավորման մեխանիզմների փոփոխությունը և ֆինանսական միջոցների աճը լինի արդյունավետ, թիրախային և ի վերջո նպաստի մեր բնակչության առողջության բարելավմանը, պահպանմանը»:
 
Տիգրան Խաչատրյանը կարևորել է ընդունված որոշումը և մի քանի կարևոր հարցեր առանձնացրել, որոնք  ամբողջական բարեփոխման առանցքն են հանդիսանալու: «Մի քանի կարևոր ուղղություններ կան, որոնցից առաջինն այս համակարգի շահառուների շրջանակի աստիճանական ընդլայնումն է: Այսինքն՝ մենք մինչև այսօր հիմնականում պետական բյուջեից ֆինանսավորման շրջանակում որոշակի խումբ մարդկանց համար երաշխավորված, անվճար առողջապահական ծառայություններ ենք մատուցում կամ ապահովում: Մենք այս բարեփոխումների շրջանակում կարևոր ենք համարում, որ բոլոր շահառու խմբերի համար մատուցվող ծառայությունների շրջանակը լինի միասնական:
 
Երկրորդ կարևոր քայլն այն է, որ մենք առաջիկա բարեփոխումների փուլերին համընթաց կընդլայնենք այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են դառնալ շահառու: Նպատակ ունենք, որ բարեփոխումների ավարտին հանրապետության քաղաքացիների գերակշիռ մասը լինի այս համակարգի շահառու:
 
Երրորդ կարևոր հարցը, որ գուցե նշանակությամբ առաջինն է՝ մենք պետք է կառավարման համակարգը բարեփոխենք այնպես, որ մատուցվող ծառայությունների որակը լինի անհամեմատ ավելի բարձր, քան այսօր է: Այն պահանջում է մի շարք ուղղություններով կարևոր աշխատանքներ»,-ասել է փոխվարչապետը: 
 
Այդ համատեքստում Տիգրան Խաչատրյանը ընդգծել է Առողջապահության նախարարության իրականացրած հետևողական քայլերի կարևորությունը: «Մենք ակնկալում ենք, որ քաղաքացիները այն որոշակի շրջանակները, որոնք ըստ մեր ժամանակացույցի պետք է համակարգին միանան ավելի ուշ,  գնահատելով մատուցվող ծառայությունների որակը, կամավոր ցանկություն հայտնեն և ավելի շուտ միանան համակարգին: Որպես հետևանք, բայց շատ կարևոր հարց ենք մենք նախատեսում՝ այս բարեփոխումը պետք է ուղեկցվի Կառավարության կողմից գալիք տարիների ընթացքում ոլորտին հատկացվող ֆինանսավորման զգալի ավելացմամբ: Իհարկե, մենք հասկանում ենք, որ ներկա փուլը հայեցակարգային քննարկման և հայեցակարգը հաստատելու շրջանակն է, բայց նաև կողմնորոշում է այն տեսանկյունից, որ մենք մի քանի անգամ պետք է ավելացնենք ներկայում առողջապահության նպատակով հատկացվող ֆինանսական ռեսուրսների ծավալը՝ այդպիսով ընդգծելով հանրային առողջության և այն  բարձր աստիճանի վրա պահելու կարևորությունը:
 
Շնորհակալություն  եմ հայտնում կառավարության բոլոր գործընկերներին, որոնք նախորդ երկու տարիների ընթացքում այս ուղղությամբ մեծածավալ աշխատանք են կատարել: Հուսով եմ առաջիկա ամիսների ընթացքում, որը շատ պատասխանատու շրջան է՝ նախապատրասում ենք  2024 թվականից դրա գործնական կիրառության միջավայրը, նույնքան հետևողականորեն մենք կշարունակենք այս ուղղությամբ անելիքները զարգացնել, որպեսզի եկող տարվա սկզբին, մեկնարկին բոլոր նախատեսված մեխանիզմները գործարկվեն պատշաճ որակով»,- ընդգծել է փոխվարչապետը:
 
Մարզերին հատկացվել է 1 մլրդ 412 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
 
Կառավարությունը 1,412,571.9 հազար դրամ է հատկացրել  Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: 2022 թ. քննարկվել և հավանության են արժանացել 363 սուբվենցիոն ծրագիր: 
 
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2021 և 2022 թթ.  հաստատված և հիմնականում ավարտված սուբվենցիայի 25 ծրագրերը, որոնք իրականացվել են 17 համայնքներում: 25 –ից  19-ը 2022 թվականի ծրագրեր են: 
 
Փոխվարչապետը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերը: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի  Աշտարակ համայնքի Ավան բնակավայրում իրականացվել են  8000 գծմ խմելու ջրագծի ցանցի հիմնանորոգման և քայքայված հատվածների փոխարինման,  Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում ոռոգման համակարգի նորոգման,  Լոռու մարզի Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ բնակավայրի ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներ, Կոտայքի մարզի Ակունք համայնքի համար ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենա, Զառ բնակավայրում իրականացվել են   ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում կառուցվել է  3730 քմ մակերեսով պուրակ, Գյումրի համայնքի համար ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ տեխնիկա, Շիրակ բնակավայրում կառուցվել է 2 խմբասենյակով 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, Գյումրի համայնքին պատկանող շենքերի, շինությունների վրա տեղադրվել է 49 արևային համակարգ, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ծղուկ բնակավայրում իրականացվել են  վարչական շենքի և նախակրթարանի վերանորոգման աշխատանքներ, հիմնանորոգվել է Գորայք բնակավայրի «Սպիտակ տուն», «Ծաղկունք» աղբյուրներից սնող ջրագծի խողովակաշարը, Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանապահ Չինարի, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Այգեձոր և Չորաթան բնակավայրերում կառուցվել է գիշերային լուսավորության ցանց, մասնակի վերանորոգվել են Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան, Բագրատաշեն և Կողբ բնակավայրերի  մշակույթի տները: 
 
Սահմանվել են տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման տեսլականը, նպատակները և ակնկալվող արդյունքները
 
Կառավարությունը հաստատել է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը, որի նպատակն է կարգավորել ոլորտում ծառացած տարբեր բնույթի խնդիրները, իրականացնել բարեփոխումներ, ինչի արդյունքում կապահովվի արդյունավետ ու կայուն զարգացում: Հիմնավորման համաձայն՝ հագուստի և հագուստի պարագաների արդյունաբերությունը ՀՀ արտահանմանն ուղղված 11 ռազմավարական ոլորտներից մեկն է, որը հադիսանում է երկրում զբաղվածության ապահովման կարևոր աղբյուր՝ կանանց ավելի քան 90 տոկոս ներգրավվածությամբ։ 2020 թ.-ին ոլորտում աշխատել է 7400 մարդ կամ 1,5 անգամ ավելի քան 2017 թ.-ին։ Ոլորտը, 2021 թվականին ունենալով շուրջ 6 մլրդ դրամի արտադրական ներուժ, Հայաստանի արդյունաբերության համար կարևոր ճյուղ է հանդիսանում։ Չնայած ընդհանուր արդյունաբերության մեջ տեքստիլի փոքր մասնաբաժնին, վիճակագրական վերլուծությունները և արտադրական ընկերությունների հետ հարցազրույցները վկայում են ոլորտի զարգացման մեծ ներուժի և երկրի սոցիալական կյանքում դրա կարևոր դերի մասին։ 2020 թ.-ին ոլորտում գործել է 153 ընկերություն, որոնց մեծ մասը փոքր և միջին ձեռնարկություններ են եղել։ Վերջին 10-20 տարիների ընթացքում Հայաստանի տեքստիլ ոլորտում ձևավորվել են խոշոր արտադրողներ և հայտնի ապրանքանիշեր։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2021 թ. խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 11 տեքստիլ ընկերություն՝  ի տարբերություն 2017 թ. 8 ընկերությունների։ Ոլորտն ունի արտահանման մեծ ներուժ։ Չնայած 2019 և 2020 թվականների արտահանման անկմանը (20 տոկոս), այնուամենայնիվ, Հայաստանից տեքստիլ արտադրանքի արտահանման աճը 2011-2020 թվականներին միջինում կազմել է տարեկան ավելի քան 40 տոկոս։ 2020 թ.-ին hագուստ և հագուստի պարագաներ՝ բացի տրիկոտաժե մեքենայագործ կամ ձեռագործ հագուստից և պարագաներից խմբի ապրանքներն արտահանման մեջ ունեցել են ամենամեծ մասնաբաժինը՝ կազմելով 69 տոկս, իսկ տրիկոտաժե հագուստ և հագուստի պարագաներ՝ մեքենայագործ կամ ձեռագործ  խմբի արտադրատեսակները՝ շուրջ 25 տոկոս: Ծրագրով որպես առաջարկվող միջոցառումների ներոլորտային տնտեսական հետևանք սահմանվել է 6 արդյունք՝ տեքստիլի արդյունաբերության մեկ աշխատողի միջին աշխատավարձը, տեքստիլ արդյունաբերության արտահանման դիվերսիֆիկացիա ըստ արտահանման շուկաների, տեքստիլ արդյունաբերության հումքի ներմուծման դիվերսիֆիկացիա ըստ ներմուծման շուկաների, 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված տեքստիլ ընկերությունների վճարած հարկերի ծավալը, ռազմավարական ծրագրերի տարեկան ծախսերի հարաբերակցությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված տեքստիլ ընկերությունների կողմից վճարվող հարկերի տարեկան աճի ծավալին:  Ծրագրի շրջանակում աջակցության միջոցառումներն ուղղված են ոլորտի շահառուների 4 հիմնական խմբերի՝ տարեկան ընտրված ավելացված արժեքի շեմից բարձր գտնվող, տեքստիլ ոլորտի բոլոր, սահմանամերձ բնակավայրերում տեղակայված տեքստիլ  ընկերություններ և տեքստիլ այն ընկերությունները, որոնք մեծացնում են արտադրանքի բարդության ինդեքսը։ 
 
Կարևորվել են 10 հիմնական ուղղություններ, մասնավորապես՝ բարելավել տեքստիլ ոլորտի աշխատողներիթ մրցունակությունը, օպտիմալացնել և արդիականացնել բիզնես գործընթացները՝ նպաստելով արդյունավետության և արտադրողականության բարձրացմանը, արդիականացնել տեքստիլ արդյունաբերության արտադրական օբյեկտները՝ ներդնելով բարձր տեխնոլոգիաներ, որոնք կնպաստեն ավելի բարդ և բարձր ավելացված արժեքով  արտադրանքի ստեղծմանը, ապահովել և խրախուսել հայկական ապրանքանիշերի ներկայացվածությունը նոր սպառողական շուկաներում և այլն: 
 
Հարցի առնչությամբ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատման ներկայացված  ռազմավարությունն ունի  ոլորտի երկարաժամկետ մրցունակությունը բարձրացնելու նպատակ: «Մենք գիտենք, որ այդ ոլորտում համաշխարհային մրցակցությունը շատ բարձր է: Եվ եթե ճիշտ ժամանակին առնչվող բոլոր հարցերին բավարար ուշադրություն չհրավիրենք և Կառավարության կողմից հատուկ աջակցության առարկա չդարձնենք, ապա հնարավոր է, որ ժամանակի ընթացքում ոլորտում գործող կազմակերպությունների առջև մարտահրավերները դժվարացնեն այն պայմանները, որոնցում նրանք գործում են: Հետևաբար, թե՛ մարդկանց կարողությունների բարձրացումը, թե՛ տեխնիկական և տեխնոլոգիական վերազինումը, թե՛ շուկաներն ավելի մատչելի դարձնելը մեր կազմակերպությունների համար պետք է շարունակեն մնալ այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է արժանանան Կառավարության աջակցությանը: Եվ որպես արդյունք, մենք պետք է ունենանք այդ ոլորտում ներգրավված ավելի քան 11 հազար մարդ, միավոր աշխատաժամանակի դիմաց ավելի բարձր հատուցում,  երկարաժամկետում այս զբաղվածության կայունություն: Դա կարևոր է նաև հատկապես այն տեսանկյունից, որ այնտեղ ունենք առավելապես կանանց զբաղվածություն»,-ասել է փոխվարչապետը: 
 
Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կանցկացվեն  պահեստազորայինների վարժական հավաքներ
 
Գործադիրն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների  տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է 2023թ. մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ: Սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները: Որոշմամբ վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: 
 
 Պաշտպանության նախարարության համակարգի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային հաշվառման գործընթացը պարզեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ նախատեսվում է սահմանել, մասնավորապես,  այն դեպքում, երբ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվա դրությամբ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած նախկին զինծառայողը հանվել են ՀՀ իրենց բնակության վայրի հաշվառումից և մինչև զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը դիմում են ներկայացրել որևէ  բնակավայրում հաշվառման համար և նոր բնակավայրում նրանց հաշվառումն իրականացվել է զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից հետո, ապա շահառուն բնակարանային պայմանների բարելավման հաշվառման է ընդունվում իր նոր հաշվառման վայրի համայնքի ղեկավարի կողմից: 
 
Այլ որոշումներ
 
«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ այդմ, սահմանվել են անցումային դրույթներ, մասնավորապես՝ առանձնահատկություններ առաջին անգամ դիմողների և վերափորձաքննությամ համար դիմողների համար։ Առաջնակի դիմողների հաշմանդամությունը 2023 թ. փետրվարի 1-ից գնահատվելու է նոր ընթացակարգերով, իսկ վերափորձաքննության համար դիմողները շարունակելու են գործող ընթացակարգերով մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։     Որոշմամբ առաջարկվում է, մասնավորապես,  սահմանել անցումային դրույթներ առաջին անգամ և վերափորձաքննությամ համար դիմողների համար, հստակեցվում են հաշմանդամության սահմանման շեմերը, իսկ տարիքային տարանջատման սանդղակը համապատասխանեցվում է կրթության ոլորտում կիրառվող սանդղակին։
 
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով պայմանավորված:  ՊՈԱԿ-ների կանոնադրության ներկայացվող որոշմամբ  կատարված  կարգավորումների արդյունքում հաստատություններում կբարձրանա գործընթացի կազմակերպման արդյունավետությունը, դպրոցի կառավարման, խորհրդակցական մարմինների, կրթական գործընթացի մասնակիցների գործառույթների իրականացումը  հնարավորինս անխոչընդոտ կընթանա: Կհստակեցվեն դպրոցի սեփականության, նրան ամրացված գույքի և ֆինանսատնտեսական գործունեության, դպրոցի վերակազմակերպման և լուծարման հետ կապված իրավահարաբերությունները: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play