ՄԹ պետնախարար․ «Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել եմ Լաչինի միջանցքը վերաբացելու հրատապ անհրաժեշտությունը»


ՄԹ պետնախարար․ «Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել եմ Լաչինի միջանցքը վերաբացելու հրատապ անհրաժեշտությունը»

  • 02-02-2023 14:29:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում հերթական քննարկումն է տեղի ունեցել Լաչինի միջանցքի փակման հարցով, պատգամավոր Ռուփա Հաքը պաշտոնական Լոնդոնին կոչ է արել ճնշում գործադրել ինչպես Լաչինի միջանցքի վերաբացման, այնպես էլ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների միջազգային անկախ հետաքննության ուղղությամբ։
 
Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին ի պատասխան հայտարարել է, որ Ադրբեջանի դեսպանի հետ է հանդիպել և խոսել Լաչինի միջանցքը վերաբացելու հրատապ անհրաժեշտությունից։
 
«Մենք ձգտում ենք վերադառնալ բանակցություններին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման: Ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ հունվարի 18-ին՝ կապված հումանիտար իրավիճակի հետ: Երեկ հանդիպել եմ Ադրբեջանի դեսպանի հետ և շեշտել Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հրատապ անհրաժեշտությունը», - հայտարարել է Դոքերթին:
 
Պետնախարարը հիշեցրել է Start Fund հիմնադրամի մասին (դոնորներից մեկը Միացյալ Թագավորությունն է), որը 350 հազար ֆունտ ստերլինգ է հավաքագրել ստեղծված իրավիճակից տուժածներին աջակցություն տրամադրելու համար:
 
Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման արդեն 53-րդ օրն է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը