Գյումրիի 102 բազան ընդդեմ Հայաստանի․ Ռուսաստանը սպառնում է Բաքվի հետ համատեղ հարվածով

Գյումրիի 102 բազան ընդդեմ Հայաստանի․ Ռուսաստանը սպառնում է Բաքվի հետ համատեղ հարվածով

  • 03-02-2023 11:45:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ով կատարում է Հայաստանի պետականության վերացման մոսկովյան ծրագրի խոսնակի դերը, ՌԴ պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու առաջարկը մնում է արդիական: «Եթե մեր հայաստանյան ընկերները նախկինի պես հետաքրքրված են դրանով, ապա այս առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում», ասել է Լավրովը։
 
Նա ասել է, որ սեպտեմբերին «բռնության աճից» հետո Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, օգնության պլանը, մասնավորապես սահմանին դիտորդների տեղակայումը, պատրաստ էր, բայց Հայաստանը չէր շտապեցնում։ «Արդեն երեւանյան վեհաժողովում մենք ավարտեցինք համապատասխան որոշման տեքստը, սակայն հայ գործընկերներն ասացին, որ այդ որոշումը իրենց պետք կգա միայն այն դեպքում, եթե դրանում կտրականապես դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները։ Ոչ բոլորն էին պատրաստ գնալ դրան», ասել է Լավրովը:
 
Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ հայտարարություն էր տարածել, որում Հայաստանին կշտամբել էր «Եվրամիության դիտորդների օգտին ընտրություն կատարելու համար» եւ անցել բաց սպառնալիքների։
 
«Եթե ​​Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա նրանք Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքի պայմանները»։«Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված Եվրամիության դիտորդներների հայտնվելը, որն ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն է վարում, կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»։ «Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև Հայաստանի սահմաններին ծառայող ռուս սահմանապահները։ Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը»․ սրանք մեջբերումներ են այդ հայտարարությունից։
 
Լավրովի այսօրվա ասուլիսին հետեւեց ՀԱՊԿ հաղորդագրությունը «ՀԱՊԿ Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողությունների իրավական հիմքերի» մասին։ Սա ամենեւին պատահական չէ։
 
Բանը բանից անցել է, եւ ամեն ինչի մասին խոսվում է բաց, առանց ենթատեքստերի։ Եվրամիության դիտորդները, որոնք այս անգամ ավելի լայն գործառույթներ ունեն, կարող են խանգարել ռուսական զորքերի տեղակայման վայրերում Բաքվի ներխուժումների սխեմայի իրագործմանը, որի նպատակը ՀՀ տարածքի զգալի մասի օտարումն է միջանցքներով եւ հաղորդակցությունների վրա լիակատար վերահսկողությունը։ ՌԴ ԱԳՆ հայտարարությունն ուղիղ հրահանգ էր Բաքվին՝ սրել իրավիճակը սահմանին, եւ բացահայտ սպառնալիք, որ ռուս զինվորականները կարող են հարվածել եվրոպացի դիտորդներին եւ նրանց վստահող հայերին, եթե նրանք փորձեն «խցկվել»։
 
ՌԴ ԱԳՆ հայտարարություններին հետեւելով, կարելի է նկատել Հայաստանի դեմ թշնամական քարոզչության ու սպառնալիքների ուժգնացող ալիք, Բաքվի եւ հայաստանյան ռուսանպաստ ագենտուրայի ակտիվ ձայնակցությամբ։ Ակնհայտորեն փորձ է արվում ներքին լարում առաջացնել, որպեսզի կանխվի Եվրամիության դիտորդների մուտքը Հայաստան, կամ ստիպել Նիկոլին դիմել Եվրամիություն՝ դիտորդների անվտանգության անապահով լինելու խնդրով։
 
Լավրովը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ը մեկ-երկու օրում կարող է հայտնվել Հայաստանում, հղում անելով անցյալ տարվա սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանի դիմումին։ Չի բացառվում, որ մինչեւ եվրոպացի դիտորդների ժամանումը մի առավոտ պարզվի, որ Գյումրիի 102 բազան, որն արդեն «ընդլայնվել»-տեղակայվել է տխրահռչակ Սոթք-Խոզնավար գծով՝ ՀՀ տարածքի մասնատման ուղղություններում, հենց ՀԱՊԿ-ն է։ Ռուսաստանն արագացնում է իր ծրագրերը, եւ չի բացառվում զինված բախումների հրահրումը, որի դեպքում 102-րդ բազան հարվածելու է հայերին թիկունքից։ Ջերմուկում եւ այլուր հայերը այդ սխեման արդեն տեսել են։
 
Մոսկվային եւս մեկ անգամ դիմելը լինելու է վերջը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը