«Ձեր դատավճիռը տվել է ժողովուրդը, դուք դառնալու եք պատերազմի նոր հրձիգներ. ԱԺ-ում կրքերը թեժ էին


«Ձեր դատավճիռը տվել է ժողովուրդը, դուք դառնալու եք պատերազմի նոր հրձիգներ. ԱԺ-ում կրքերը թեժ էին

  • 03-02-2023 15:49:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ինչպես հայտնել ենք, այսօր ՀՀ Ազգային ժողովում անցկացվում են խորհրդարանական լսումներ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ, որը հրավիրել էր ԱԺ «Հայաստան» խմբակցությունը:
 
Լսումների ժամանակ դահլիճ է գնացել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Վերջինս նշել է, որ ցանկացել է լսել քաղաքական մտքի դրսևորում, սակայն լսել է հոխորտանք:
 
«Ինչի՞ մասին եք խոսում, ի՞նչ սպառնալիքներ եք ուղղում Հայաստանի գործող իշխանությանը: Դուք տե՞ր եք ձեր խոսքերին»,- ասել է նա:
 
Դահլիճում գտնվողները սկսել են արձագանքել Արսենյանին, և կրքերը թեժացել են:
 
Շարունակելով՝ Արսենյանն ասել է. «ՀՀ գործող իշխանությունը հասկանում է իր գործողությունների հետևանքները: Այսօր նստած հաթաթաներ եք տալիս, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ինչ-որ ռոմանտիկ բաներ խոսում: Մոռացե՞լ եք, թե դրա զարգացումն ինչի բերեց: Մենք պատասխանատու ենք մեր երկրի ու քաղաքացիների համար: Առաջնայնությունները ճիշտ դրեք: Ձեզ թվում է՝ դուք տրիբունալի մասնակի՞ց եք: Ով եք դուք: Ձեր դատավճիռը տվել է ժողովուրդն ընտրությունների ընթացքում: Մենք քաղաքակիրթ իշխանություն ենք»:
 
Թեպետ դահլիճից հնչել են արձագանքնքներ՝ Արսենյանը շարունակել է.
 
«Դուք խոսելու նյութ չունեք: Ղարաբաղյան հարցի շահարկումը Հայաստանում իշխանության գալու հնարավորություն չի տալու, դա կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանի ժողովուրդը ձեզ կտա այդ մանդատը, մնացած սցենարներն ավարտվել են: Մենք պատասխանատու իշխանություն ենք, որն ապահովում է պետական շահերի սպասարկումը: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի շահերից: Քսենաֆոբիան է վտանգ Հայաստանի համար, այլատյացությունը, որով դուք զբաղվում եք»:
 
Փորձելով հանգստացնել դահլիճում ծայր առնող Արսենյանի և ներկաների միջև լարվածությունը՝ լսումները նախագահող ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է. «Լռե՛ք, թողեք խոսի, հետո կստանա իր պատասխանը»:
 
Այնուհետև Արսենյանը շարունակել է՝ ասելով. «Ձախողված քաղաքականության ներկայացուցիչները հնարավորություն չեն ունենալու վերադարձնել մեր երկիրն այն ռեյլսերին, որից նոր դուրս ենք եկել։ Ավգյան ախոռների մասին եմ ասում։ Մինչև հիմա մաքրում ենք, դեռ չենք կարողանում հասկանալ, թե էլ ինչքան բան պետք է հանենք։ Առավոտից իրիկուն զբաղված ենք դրանով:
 
Ձեր գործունեությունը ուղղեք Հայաստանի պետական շահերի սպասարկմանը։ Այն, ինչ անում եք, չի բխում մեր երկրի շահերից։
 
Այն գործողությունները, որոնք փորձում եք իրականացնել, այն նպատակները, որոնք փորձում եք սպասարկել, դուք բերելու եք նոր պատերազմի, դուք դառնալու եք պատերազմի նոր հրձիգներ։ Դա պաշտոնապես հայտարարում եմ այստեղից»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play