Ալմաթիի հռչակագիրը չի ենթադրում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառյալ Արցախը


Ալմաթիի հռչակագիրը չի ենթադրում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառյալ Արցախը

  • 03-02-2023 20:47:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am Ալմաթիի հռչակագիրը չի ենթադրում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառյալ Արցախը։ Այս մասին Ազգային ժողովում հրավիրված լսումների ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Զոլյանը։
 
«Շատ խոսվեց Պրահայի փաստաթղթի մասին, եկեք իրավական, դե յուրե խոսենք, թե ինչ է գրված այդ փաստաթղթում։ Այնտեղ կա մի հիշատակում՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա, որը ես կարծում եմ պետք չէ մեկնաբանել, թե իբր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում է։ Անձամբ ես, այն ժամանակ լինելով Արցախի հարցերով հանձնաժողովում, հանձնաժողովի անունից ներկայացրել եմ այն վերապահումը, որը փաստացի նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը։ Այնտեղ գրված են այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա հենց Ղարաբաղն է օրինական կարգով դուրս եկել, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Ադրբեջանը չի անցկացրել այն հանրաքվեն, որի արդյունքներով այն ժամանակվա ԼՂԻՄ-ի կարծիքը պիտի առանձին հաշվարկվեր։ Այսինքն՝ այս փաստաթուղթը նախ և առաջ կարող է հիմք հանդիսանալ և մեկնաբանվել այնպես, ինչպես դա եղել է 1992 թվականին։ Միջազգային պայմանագրերի մեկնաբանության հատուկ օրենք կա, և այնտեղ նշվում է, որ մեկնաբանությունը համապատասխանում է ընդունման պահին։ Այսինքն՝ մենք պիտի որպես հիմք ընդունենք 1991-1992 թվականների մեկնաբանությունները։ Այն ժամանակ մենք ստանում էին Ադրբեջանի լրատվությունը, և այնտեղ որևէ ձևով չէին ասում, որ այդ ստորագրված փաստաթղթով Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Հակառակը, Ադրբեջանի մեջլիսը հետ է կանչել Մութալիբովի ստորագրությունը։ Այսինքն՝ եթե խոսում ենք Ալմաթիի փաստաթղթի մասին, 1993 թվականի արդեն Հեյդար Ալիևը ստիպված է լինում նորից ստորագրել այն»,- ասաց Զոլյանը։
 
Սուրեն Զոլյանի խոսքով՝ Ալմաթիի հռչակագրում հստակ նշված են այն հիմքերը, որոնցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ճանաչվեր որպես ԱՊՀ մաս։ «Մենք պետք է ընդունենք հենց այդ մեկնաբանությունը։ Պիտի հստակեցվի, Հայաստանի ԱԳՆ-ն գոնե հայտարարության ձևով պետք է վավերացնի այն մեկնաբանությունը, որը կար 1992 թվականին։ Եվ տալով այս մեկնաբանությունը՝ մենք կարող ենք շրջել Պրահայի փաստաթուղթը, որն անընդհատ մեր դեմ է օգտագործվում։ Մենք պետք է ասենք, որ հենց այդ փաստաթղթով են ստեղծվում ճանաչման հիմքերը: Մենք դրամով ստանում ենք լավ հիմքեր՝ նախկինների սխալն ուղղելու համար և ճանաչելու Արցախի Հանրապետությունը»,- նշեց նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը