Բացահայտվել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների ապօրինի վաճառքի դեպք


Բացահայտվել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների ապօրինի վաճառքի դեպք

  • 06-02-2023 13:18:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Բացահայտվել է  սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների ապօրինի վաճառքի դեպք: Իրականացվում են համապատասխան  միջոցառումներ` պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար:
 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է  սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների և վիտամինների ապօրինի իրացման դեպք:
 
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին տեղեկություններ, որ Երևան քաղաքի բնակիչ Մ. Ս.-ն «Ամազոն» համացանցային կայքի միջոցով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ․ դրանք գովազդում և իրացնում է ֆեյսբուքյան էջի միջոցով: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շրջանակում, հեռախոսազանգի միջոցով տվյալ քաղաքացու հետ ձեռք  են բերվել պայմանավորվածություններ՝ գովազդվող ապրանքատեսակների ձեռք բերման վերաբերյալ:
 
Նախօրոք պայմանավորված վայրում Մ. Ս.-ն, երկու դեպքով, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներին կանխիկ դրամով վաճառել է ընդհանուր 45.000  դրամի դեղանման՝  «Ադվիլ- իբուպրոֆեն» «Վիտամին D3», «Նևրոբալանս, ցինկ, մագնեզիում և վիտամին B6» տեսակի ապրանքատեսակներ:
 
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին չունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար պետական գրանցում, հաշվառված չէ հարկային մարմնում:
 
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, գնված ապրանքատեսակներից՝ «Ադվիլ-իբուպրոֆեն» տեսակի  հաբերը հանդիսանում է դեղամիջոց: 
 
Ձեռնարկված  օպերատիվ-հետախուզական  միջոցառումների  արդյունքում  պարզվել է նաև, որ քաղաքացին իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, այդ թվում՝  դեղամիջոցի վաճառք:
 
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի հատկանիշներով կազմված արձանագրությունն ուղարկվել է Կոմիտեի իրավաբանական վարչություն` վարչական վարույթ իրականացնելու համար: 
 
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար:
 
Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում է՝  զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով, կասկածելի ծագում ունեցող՝ առողջության համար հնարավոր վտանգ ներկայացնող  դեղեր և վիտամիններ ձեռք բերելուց: 
 
ՀՀ ՊԵԿ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն