Չինաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է օդապարիկը խոցելու հետևանքների մասին
06-02-2023 13:32:47 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews. Պեկինն իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողությունների, եթե ԱՄՆ-ն չինական օդապարիկի հետ կապված միջադեպն օգտագործի ի վնաս Չինաստանի շահերի և արժանապատվության, Interfax-ի փոխանցմամբ՝ ասված է Չինաստանում ԱՄՆ դեսպանատանը փոխանցված ՉԺՀ-ի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
«Ամերիկյան կողմի գործողությունները լրջորեն ազդել և վնաս են հասցրել չին-ամերիկյան հարաբերությունների կայունացմանն ուղղված երկու կողմերի ջանքերին և գործընթացին:
Չինաստանը վճռականորեն դեմ է դրան և վճռականորեն բողոքում է դրա դեմ և վճռականորեն կոչ է անում ամերիկյան կողմին չձեռնարկել հետագա գործողություններ, որոնք վնասում են Չինաստանի շահերին և չսրել կամ ընդլայնել լարվածությունը», – ասվում է հայտարարության մեջ:
Չինաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է, որ երկրի կառավարությունը «վճռականորեն կպաշտպանի չինական ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը, վճռականորեն կպաշտպանի Չինաստանի շահերն ու արժանապատվությունը և իրեն իրավունք է վերապահում հետագա անհրաժեշտ պատասխան միջոցներ ձեռնարկել»:
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Սի Ֆենգը նշել է, որ ԱՄՆ-ի տարածքում օդապարիկի հայտնվելը պայմանավորված է ֆորս-մաժորային հանգամանքներով, ինչի մասին Պեկինը տեղեկացրել է Վաշինգտոնին: Այնուամենայնիվ, «ամերիկյան կողմը դա ականջի հետև գցեց և չափազանց մեծ ուժ կիրառեց քաղաքացիական օդապարիկի հետ կապված»: Դա «միջազգային իրավունքի ոգու և միջազգային պրակտիկայի խախտում էր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Պեկինը Վաշինգտոնին պաշտոնական բողոք էր հայտնել խոցված օդապարիկի կապակցությամբ։
Հիշեցնենք՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը շաբաթ օրը Հարավային Կարոլինայի երկնքում՝ երկրի հարավարևելյան ափերի մոտ, խոցել են Չինաստանին պատկանող օդապարիկը:
Փետրվարի 2-ին հաղորդվել էր, որ ամերիկացի զինվորականները մի քանի օր հետևում են ենթադրյալ չինական հետախուզական օդապարիկին։ Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը նշել է, որ զոնդի հայտնաբերումից անմիջապես հետո իշխանությունները շտապ միջոցներ են ձեռնարկել գաղտնի տեղեկատվությունը պաշտպանելու համար:
Օդապարիկն Ալեուտյան կղզիներից թռել է Կանադայի տարածքով և հասել Մոնտանա նահանգ։
Փետրվարի 3-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները կենտրոնացրել են ջանքերը Նահանգների երկնքում հայտնված օդապարիկը հեռացնելու վրա: Միևնույն ժամանակ, Պենտագոնում ավելի վաղ բացատրել էին, որ նրանք չեն նախատեսում հարվածել օդապարիկին, քանի որ դա վտանգավոր կլիներ դրա չափի պատճառով:
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը կոչ էր արել չշահարկել «լրտեսական օդապարիկի» թեման։
Չինաստանում խոստովանել են, որ սարքը շեղվել է երթուղուց քամու պատճառով։