ՀՀ-ի և Արցախի առջև ծառացած մարտահրավերներին կարող ենք դիմակայել միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ․ Արցախի ԱԺ

ՀՀ-ի և Արցախի առջև ծառացած մարտահրավերներին կարող ենք դիմակայել միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ․ Արցախի ԱԺ

  • 06-02-2023 18:15:16   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել, որով տեղեկացնում են, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պաշտոնական խոսույթում, ըստ իրենց, հնչում են հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային–ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում:
 
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
 
Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․
 
«Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պաշտոնական խոսույթում, մասնավորապես՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորների ելույթներում հաճախ են հնչում հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային-ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում:
 
Նմանատիպ հայտարարությամբ վերջերս հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները, խստորեն դատապարտելով նման վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնում, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին:
 
Ակնկալում ենք ՀՀ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պաշտոնական արձագանքը:
 
Հետագայում նման անպատասխանատու հայտարարությունները բացառելու նպատակով՝ կոչ ենք անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում:
 
Համոզված ենք, որ հայկական երկու հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներին կարող ենք դիմակայել միայն Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ:
 
«Ազատ Հայրենիք – ՔՄԴ» խմբակցություն
 
«Միասնական հայրենիք» խմբակցություն
 
«Արդարություն» խմբակցություն
 
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն
 
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն