Զորամասը ծախել են՝ առաջնորդվելով «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով, պետականության ոչնչացումն այս կերպ է լինում. Պապոյան


Զորամասը ծախել են՝ առաջնորդվելով «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով, պետականության ոչնչացումն այս կերպ է լինում. Պապոյան

  • 07-02-2023 15:48:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ ինքն ուզում է անդրադառնալ հարցի բարոյական և քաղաքական կողմին:
 
«Պատկերացնում եք, թե որոշակի վարձու լրագրողներ, քաղաքագետներ, խմբագիրներ, գրողներ ինչպիսի ոռնոց կբարձրացնեին այսօր, եթե հանկարծ իմանային՝ Հայաստանում ինչ-որ զորամաս է փակվում կամ վաճառվում։ Ուղղակի պատկերացրեք, թե ինչպիսի ոռնոց կբարձրանար, բայց այդ ոռնոցը 2010-ականներին չի բարձրացրել, որովհետև այդ ամեն ինչը միայնակ չի արվել։ Ամեն մեկը նույն շրջանակներից տարբեր դերակատարում և փայ է ունեցել»,- նշեց Պապոյանը:
 
Նրա խոսքով՝ այսօր զինվորը տնակի կամ վրանի մեջ է գտնվում, քանի որ զորամասերից մեկը վաճառել, կերել են։ Եթե չվաճառեին, ապա չէր լինի այնպես, ինչպես հիմա է․ «Այստեղ մտածում եմ, որ կարելի էր նաև ուրիշ ձև անել, հետ տալ համայնքին դա, համայնքից օրենքով նորից գնել, բայց չէ, ինչի պետք է տենց անեին։ Պետք է թքած ունենալ օրենքի վրա, պետականության վրա։ Բաներ կան, որոնք կարելի է անել, բայց ավելի ուրիշ եղանակով։ Պետականության ոչնչացումն այս կերպ է լինում։ Երբ ասում ենք՝ 20 տարի ամենամարտունակ բանակն է, տենց ամենամարտունակ բանակ են պահո՞ւմ»։
 
Ըստ պատգամավորի՝ նման դեպքերի հետևանքը գալիս է նրանից, որ այդ ժամանակ առաջնորդվել են «մեր դեմ խաղ չկա» խոսքերով․ «Երևի չեն պատկերացրել, որ գալու է պատասխան տալու ժամանակը։ Բայց սա նրա մասին է, որ պետական պաշտոնյաները իրենք իրենց գործողություններով պետականություն են քանդել, որովհետև սա պետականության մասին չմտածելու վերաբերյալ խոսակցություն է և ոչ բացարձակ փողի, նույնիսկ ինձ իրավական հետևանքները չեն հետաքրքրում այս հարցի։ Այսուհետև այս պետությունում ոչ ոք իրեն նման բան չի կարող թույլ տալ»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը