Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարել Թուրքիայի 10 նահանգներում


Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարել Թուրքիայի 10 նահանգներում

  • 07-02-2023 19:39:17   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 7-ին  3 ամսով արտակարգ դրություն է հայտարարել երկրի 10 նահանգներում, որոնք տուժել են ավերիչ երկրաշարժերից:
 
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
 
Թուրքիայի նախագահը նշել է, որ վերջին տվյալներով՝ Թուրքիայում ցնցումների զոհ է դարձել 3549 մարդ, վիրավորվել՝ 22168-ը, փլատակների տակից դուրս է բերվել ավելի քան 8000 մարդ:
 
 
«Մենք կանգնած ենք ամենամեծ աղետներից մեկի առաջ ոչ միայն Թուրքիայի, այլև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի պատմության մեջ։ Աղետի գոտում աշխատանքի համար մոբիլիզացվել է  պետական ​​բոլոր կառույցների, անձնակազմի և տեխնիկայի ներուժը։ Առաջին փուլում 100 միլիարդ լիրա է հատկացվել աղետի գոտու բնակիչներին շտապ օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է նա։
 
Ըստ նրա՝ երկրաշարժի գոտի է ուղարկվել 54 հազար վրան, 102 հազար մահճակալ, առաջին անհրաժեշտության պարագաներ, հերթապահում են շտապօգնության մինչև 1000 մեքենա և շտապօգնության երկու ինքնաթիռ։ Հինգ հազար բուժաշխատողներ օգնում են տասը նահանգների բնակիչներին։
 
Էրդողանի խոսքով՝ աղետի գոտում արդեն աշխատում է 53317 փրկարար։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը