5 նոր գիրք, 5 նոր հուշագիր, ազնավուրյան 5-րդ տեսահոլովակի պրեմիերա. Տեղի կունենա Newmag. Winter Fest 2023 գրքի փառատոնը


5 նոր գիրք, 5 նոր հուշագիր, ազնավուրյան 5-րդ տեսահոլովակի պրեմիերա. Տեղի կունենա Newmag. Winter Fest 2023 գրքի փառատոնը

  • 17-02-2023 15:03:06   | Հայաստան  |  Մշակույթ

 
Հարգելի՛ գործընկերներ, 
 
Սիրով հրավիրում ենք մասնակցելու գրքի տոնին ընդառաջ՝  սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 12:00 մեկնարկող Winter Fest 2023 գրքի ձմեռային փառատոնին, որը տեղի կունենա Կոնգրես հյուրանոցում (Իտալիայի փողոց 1): 
 
Արդեն երկրորդ անգամ անցկացվող փառատոնի նպատակն է խրախուսել ընթերցանությունը, խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելլերներ։ 
 
Newmag Winter Fest 2023 փառատոնի շրջանակում երեք տարբեր վայրերում տեղի են ունենալու գրական տարբեր միջոցառումներ, շնորհանդեսներ, գրքերի քննարկումներ և հանդիպումներ։ 
 
Winter Fest-ի գլխավոր հյուրն արգենտինահայ անվանի գրող Մագդա Թախտաճյանն է։ Փառատոնին կներկայացվեն նրա «Ռոջավա» վեպը, ինչպես նաև Ռիչարդ Օսմանի «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» վեպը, Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» գրքի թարգմանված տարբերակը, Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ. Ի՞նչ է գուժում փորձագիտական մտքի վախճանը» գիրքը,  «Խաղաղության հայկական գինը. 1917-ի հեղափոխություններն ու Հայաստանի ապագան հայ մտավորականության ընկալմամբ» գիրքը՝ պատմաբան Նաիրա Սահակյանի հեղինակությամբ։ 
 
Newmag Winter Fest 2023-ը առանձնանալու է իր մասշտաբներով, նոր գրքերի հրատարակություններով և նոր համագործակցություններ ազդարարող հուշագրերով:
 
Փառատոնի շրջանակում նախատեսվում են նաև պանելային քննարկումներ և հանդիպումներ հետևյալ թեմաներով։ 
 
«Կանանց բռնության թեման գրականությունում. Ինչ ու ինչպես գրել» 
«Խավիարային դիվանագիտություն. Սկանդլային զեկույցի հետքերով»
«Օտարագիր հայ գրողները. Ովքե՞ր են եւ ինչի՞ մասին են գրում» 
Քննարկումներին կմասնակցեն ոլորտի հեղինակավոր փորձագետներ, հասարակական գործիչներ ու արվեստագետներ։ 
 
Շառլ Ազնավուրի՝ հանրահայտ «Վենետիկն է տխուր»  երգի թարգմանված տարբերակի պրեմիերան ևս ներառված է Winter Fest-ի գլխավոր միջոցառումների ցանկում։ 
 
Տարվա ընթացքում գրքի ու ընթերցանության հանրայնացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու և նոր մատենաշարեր թողարկելու նպատակով փառատոնի հեղինակները համագործակցության  հուշագրեր կստորագրեն տարբեր հրատարակչությունների և մասնավոր  ընկերությունների հետ։  
 
Ձմեռային փառատոնի ընթացքում տեղի կունենա նաև «Ինքնագիր» գրական հանդեսի 10-րդ համարի շնորհանդեսը:
 
«Ինքնագիրն» ու Newmag-ը նոր էջը բացում են համատեղ ջանքով, իսկ 10-րդ համարի թեման պատերազմն է։ 
 
Փառատոնին Newmag հրատարակչության բոլոր գրքերը հասանելի կլինեն մինչև 40 տոկոս զեղչով:
 
Միջոցառման ամբողջական օրակարգը՝ https://newmag.am/winterfest2023 
 
Միջոցառմանը մասնակցելու և լուսաբանելու համար խնդրում ենք նախապես հավատարմագրվել 
 
Միջոցառման PR գործընկեր՝ SPRING PR ընկերություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ