Անկախությունից ի վեր ամենամոտն ենք հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորմանը. Ալեն Սիմոնյան


Անկախությունից ի վեր ամենամոտն ենք հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորմանը. Ալեն Սիմոնյան

  • 28-02-2023 13:12:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Մենք խաղաղության պայմանագիր կնքելուն վաղուց ենք պատրաստ և դրա մասին բազմիցս ասել ենք, բայց անընդհատ Ադրբեջանի կողմից ներկայացվող նոր առաջարկները և նոր իրավիճակները, որ տեղի են ունենում սահմանին, հենց իրենց կողմից խնդիր են դարձնում խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը: Բայց մենք ամեն ինչ անելու ենք և շարժվելու ենք հնարավորինս արագ՝ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: 
 
Ինչ վերաբերում է լրագրողների դիտարկմանը, թե որ երկիրը կամ կառույցն է լինելու այն միջազգային երաշխավորը, որի մասին խոսում է հայկական կողմը, և որն ապահովելու է Ստեփանակերտի և ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, Սիմոնյանը պատասխանեց. «Ով կկարողանա դա իրականացնել հողի վրա»:
 
«Միանշանակ է, որ բոլոր պայմանավորվածությունները ինչ-որ երաշխիք ունենան, որովհետև հիմա մենք ունենք նոյեմբերի 9-ի համաձայնագիր, որի իրագործումից մենք էլ ենք դժգոհ, ադրբեջանական կողմն էլ է դժգոհություններ հայտնում: Մենք կարծում ենք՝ մեխանիզմ միանշանակ անհրաժեշտ է»,- ասաց ԱԺ նախագահը:
 
Լրագրողներից մեկի հարցին, թե ընդդիմությունը դարձյալ փողոցային պայքարի մասին է հայտարարում, և արդյոք իշխանությունը մտավախություն չունի՞, որ նրանք կարող են հասնել իրենց նպատակին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց:
 
«Ընդդիմության գործողությունները հիմնականում վերջին ժամանակահատվածում հենված են եղել սահմանին տեղի ունեցող սրացումներին, այսօր այդ բառապաշարը սպառված է, և նույն բառապաշարով վերադառնալ փողոց անիմաստ եմ համարում»,- ասաց ԱԺ նախագահը:
 
Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ հիմա ունենք մի իրավիճակ, երբ անկախությունից ի վեր առաջին անգամ ամենից մոտ ենք հարաբերությունների կարգավորմանը: 
 
«Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ անկախությունից ի վեր առաջին անգամ ամենամոտն ենք հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորման: Կարծում եմ՝ այդ հնարավորությունները պետք է օգտագործենք, եթե հակառակ կողմի մղումները իրոք անկեղծ են, որովհետև մենք փորձ ենք ունեցել հարաբերությունների կարգավորման, երբ թուրքական կողմը ինչ-որ պահի հետ է կանգնել: Բնական է, իրենք ունեն իրենց շահերը, և մենք պետք է հաշվի առնենք, որ այդ շահերը ոչ հաճախ են համընկնում մեր շահերի հետ»,- պատասխանեց ԱԺ նախագահը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը