Եթե Բերձորի միջանցքում անցակետ տեղադրեն, մերոնք պետք է փակեն այն․ Ինքնիշխանության ու արժանապատվության հարց է


Եթե Բերձորի միջանցքում անցակետ տեղադրեն, մերոնք պետք է փակեն այն․ Ինքնիշխանության ու արժանապատվության հարց է

  • 28-02-2023 19:34:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ի զրուցակիցն է Արցախյան շարժման կազմակերպիչներից Գագիկ Ավանեսյանը
 
-Պարոն Ավանեսյան, Արցախն ավելի քան երկու ամիս է շրջափակման մեջ է։ Ի՞նչ պետք է անել։
 
-Արցախցիներն արդեն անում են այն, ինչ պետք է անեն՝ դիմանում են, մեր կենցաղը կազմակերպում ենք այս վիճակին համահունչ։ Երկրի իշխանությունները պետք է դիվանագիտական գործիքներ կիրառեն, ավելի կոշտ ու հասցեական հայտարարություններ անեն։ Բերձորի միջանցքի հարցը իշխանությունները թեթև ու կիսատ են ներկայացնում՝ որպես հումանիտար հարց։ Բերձորի միջանցքը էքստերիտորիալ միջանցք է, ոչ ոք իրավունք չունի այստեղ մտնել։ Նախքան միջանցքը փակելը այսպես կոչված ռուս խաղաղապահներն այնտեղ մեքենաներն էին ստուգում, բայց դրա իրավունքը չունեին։ Այսինքն՝ այն գլխից արդեն փորձում էին միջանցքի կարգավիճակը փոխել, ամեն պոստում մեքենաները կանգնեցնում էին, ստուգում էին։ Եվ օգոստոս-սեպտեմբերին ճանապարհը փոխելով, ենթակառուցվածքները թողնելով մյուս կողմում, բերեցին նրան, որ միջանցքը փակեցին։ Բայց միջանցքը հենց ենթադրում է, որ ենթակառուցվածքները պետք է այդ տարածքում լինեն։ Հիշեցնեմ, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների ժամանակ միջանցքի լայնությունը 44 կմ էր, բայց բերեցին հասցրեցին 5 կմ-ի։ Այսինքն՝ ի սկզբանե այս հարցերը մտադրված էին այսպես լուծել։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը միայն հայերի համար է գրված, հայերին պարտադրելու փաստաթուղթ է, փաստերը ցույց են տալիս, որ մյուս կողմերը դրանով որևէ պարտավորություն իրենց վրա չեն վերցրել։
 
Միանշանակ, հենց առաջին օրվանից պարզ էր, որ միջանցքը փակողն իրենք են։ Այսօր կեղծ էկոակտիվիստների վրա են հղում անում, վաղը այլ առիթ են գտնելու։ Սա առիթ է՝ իրենց ծրագրերն իրականացնելու համար։ Հետո Ռուբեն Վարդանյանի առիթը բերեցին մեջտեղ, իրենք մի գործողության մեջ զուգահեռ մի քանի առիթներ են դրել, մեկը կձախողվի, մյուսը առաջ կքաշեն։ Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ արեցին, հիմա ուրիշ հարց են դնելու։ Իսկ ծրագիրն այն է, որ ղարաբաղցիներին զզվեցնեն, որ ճանապարհը բացելու դեպքում մարդիկ այստեղից հեռանան։ Բայց իրենք սխալվում են, իրականում արցախցիներն ավելի են համախմբվել այս պայմաններում, կոփվել են։ Ես մարդկանց հետ զրուցում եմ, միջանցքը բացվելու դեպքում կարող է 5-7 տոկոսը փորձեն դուրս գալ Արցախից, բայց նրանց առնվազն կեսը նորից հետ են գալու։ Հասարակ օրինակ բերեմ՝ Կարմիր խաչի աջակցությամբ կիսված ընտանիքներն այսօր միանում են, ինչո՞ւ են Հայաստանից դեպի Արցախ գալիս։ Այսինքն՝ եթե մարդն ուզենա լքել Արցախը, ընտանիքի կեսը Հայաստանում է, Արցախից դուրս կգա, Հայաստանում ընտանիքին կմիանա։ Սա ամենավառ օրինակն է, որը ցույց է տալիս, որ հայերն Արցախից դուրս չեն գալու։
 
Եթե միջանցքը բացեն, և հանկարծ եթե անցակետ ու ռենտգեն սարքեր տեղադրվեն, այդ ժամանակ արդեն մերոնք պետք է փակեն, հասնեն նրան, որ միջանցքն առանց դրա գործի։ Այսինքն՝ բացումը պետք է լինի առանց որևէ անցակետի։ Մենք մինչև վերջ մեր պահանջները պետք է առաջ տանենք, որովհետև դա և մեր արժանապատվության, և ինքնիշխանության, և իրավունքների հարց է։
 
-Այս տարի Արցախյան շարժման 35 ամյակն է, ի՞նչ խորհուրդ ուներ շարժումը, ի՞նչ սխալներ եղան անցած տարիներին, որոնց հանգեցրին այսօրվա իրավիճակին։
 
-Արցախյան շարժումն սկսվել է Հայաստանի հետ միացման կարգախոսով և միշտ էլ մնացել է այդպես։ Արցախյան շարժումն իր քաղաքական հանգուցալուծումն ստացել է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշմամբ, որով Արցախը վերամիավորվել է Հայաստանին։ Դրանից հետո Գերագույն խորհուրդը վատ գործընթաց սկսեց Արցախյան շարժման մեջ, ռուսների թելադրանքով ամեն ինչ արեցին, որ միացումի գաղափարից շեղում լինի դեպի անջատում, անկախություն։ 1991 թվականին «կոլցո» օպերացիան արեցին, արցախցիներին ճգնաժամի մեջ գցեցին, դրանից հետո համոզեցին, որ՝ ձեր միակ փրկությունն անկախությունն է։ Սեպտեմբերի 2-ին անկախ հանրապետության ձևավորման որոշում կայացվեց, իսկ դեկտեմբերի 10-ին անցկացվեց անկախության հանրաքվե։ Եվ փաստացի ստցվել է, որ մենք Հայաստանից ենք անկախացել։ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը ոչ ոք չի բեկանել, այն դեպքում, երբ սովետական սահմանադրությամբ Գերագույն խորհրդի որոշումները պետք է հաստատվեին կամ բեկանվեին ավելի բարձր մարմնի կողմից։ Այսինքն՝ սովետական միության Գերագույն խորհուրդն այդ որոշումը չի բեկանել, դա ուժի մեջ է մտել։
 
Քաղաքական պայքարից շեղումը բերեց նրան, որ պատերազմ տեղի ունեցավ, մենք շատ զոհեր տվեցինք։ Դրանից հետո 26 տարվա բանակցությունների ընթացքում մեր դիվանագիտական միտքը, որը չկար, ոչնչացրեց մեր բոլոր իրավունքներն ու ձեռքբերումները։ Եթե չեմ սխալվում 1994-1995 թվականին էր գործընթաց գնում, երբ Արցախը ներկայացնում էր Մանվել Սարգսյանը։ Այդ բանակցություններում ենք մենք հաջողությունների հասել, նաև ինչ-որ տեղ ազատագրված տարածքների հարցն էր լուծվել։ Սովետական միության 1987 մարդահամարի թվերով պարզ դարձավ, որ 7 շրջանների բնակչության թիվն ավելի քիչ է, քան Ադրբեջանից տեղահանված հայերի թիվը։ Այդ դեպքում Մանվել Սարգսյանն ասաց՝ հայերին մենք տանելու ենք այդ շրջաններում տեղավորենք, այդ հարցն այդպես փակվեց։ Եվ դրանից հետո Արցախն արդեն չի մասնակցել բանակցային պրոցեսին, դրա մեղավորները Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են։ Նրանք պետք է պատասխան տան, թե ինչո՞ւ մեր ազգը տարան կործանման ճանապարհով։
 
Մեզ անընդհատ փորձում են շեղել միացումի գաղափարից, նաև այս վերջին հայտարարություններն են միտված դրան։ Սա սցենար է, որն անընդհատ իրագործում են, ժողովրդին գցում են ճգնաժամային իրավիճակի մեջ և ստոկհոլմյան սինդրոմի տակ փորձում համոզել, ապացուցել, որ այսինչ բանը ձեզ համար լավ կլինի։ Բայց իրականում ժողովրդին ապատեղեկացնում են։ Այսօր լրատվամիջոցներով ինֆորմացիոն աղբ է լցվում մարդկանց գլուխը, և մարդիկ չեն կարողանում կողմնորոշվել։ Ես միշտ ասել եմ և հիմա էլ եմ ասում՝ Հայաստանում լավ փորձագետներ ու վերլուծաբաններ կան, ովքեր վարձու չեն, ռուսական փողերով չեն մեկնաբանություններ տալիս։ Պետք է հավաքվեն ու լուծումներ առաջարկեն, ցանկացած հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնեն։ Մարդիկ էլ պետք է իմանան, որ ինչ-որ կառույց կա, որին հնարավոր կլինի վստահել։ Ժամանակին Իգոր Մուրադյանն էր այդ դերը կատարում։ Կուսակցությունները ևս պետք է համախմբվեն, 2021 թվականի ընտրությունները խայտառակություն էին, արևմտամետ համարվողները չկարողացան համախմբվել, դա էլ ժողովրդին ապակողմնորոշեց։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play