ԱՄՆ-ը կոչ է արել օգնել երկրաշարժից տուժած Սիրիային՝ առանց հարաբերությունների կարգավորման


ԱՄՆ-ը կոչ է արել օգնել երկրաշարժից տուժած Սիրիային՝ առանց հարաբերությունների կարգավորման

  • 28-02-2023 19:37:27   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ-ը կոչ է անում երկրաշարժերի հետևանքները վերացնելու նպատակով Սիրիային ցուցաբերվող օգնությունը չկապել երկրի իշխանությունների հետ հարաբերությունների կարգավորման հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
 
«(Խմբ.՝ Սիրիայի նախագահ Բաշար) Ասադի վարչակարգի նկատմամբ մեր դիրքորոշումը չի փոխվել: Հիմա կարգավորման ժամանակը չէ: Հիմա ժամանակը չէ՝ բարելավելու հարաբերություններն Ասադի վարչակարգի հետ: Կարծում ենք, որ մենք և աշխարհի բոլոր երկրները կարող են միաժամանակ պահպանել երկու հրամայականները՝ անդրադառնալ թուրք և սիրիացի ժողովրդի հումանիտար կարիքներին՝ առանց վերանայելու կամ բարձրացնելու հարաբերությունների մակարդակը Ասադի ռեժիմի հետ», - ասել է Փրայսը:
 
Նա շեշտել է, որ այժմ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում «անմիջական մարդասիրական հրամայականն է»:
 
Ըստ դիվանագետի՝ ԱՄՆ-ն ավերիչ երկրաշարժից հետո օգնություն է ուղարկել ինչպես Թուրքիային, այնպես էլ Սիրիային։ Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժերից Թուրքիայում զոհվել է ավելի քան 44 հազար մարդ:
 
Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Արաբական Հանրապետությունում տարերային աղետի զոհ է դարձել 1 414 մարդ, տուժել՝ 2 349-ը: Դամասկոսի կողմից չվերահսկվող Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում, ըստ տարբեր տեղեկությունների, կա ավելի քան 2000 զոհ:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը