Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով հաստատվում է՝ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն եղել է. Հայտնի է անձը


Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով հաստատվում է՝ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն եղել է. Հայտնի է անձը

  • 28-02-2023 20:24:01   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Պեմզաշենում 31-ամյա Զարինեի և նրա երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով հաստատվում է, որ սպանված երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն է եղել։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ վարույթի շրջանակում նշանակված դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատամատնադրոշմային, դատագենետիկական, դատահոգեբուժական փորձաքննությունների եզրակացություններն ստացվել են: Եզրակացությունների վերաբերյալ տվյալներ իրավապահները չեն հայտնում, սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ դատակենսաբանական փորձաքննությամբ արձանագրվել է, որ երեխայի նկատմամբ բռնությունը կատարվել է մեղադրյալ Վրույր Բարսեղյանի կողմից։
 
Այլ մանրամասներ գործի վերաբերյալ առ այժմ հայտնի չեն։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
 
«Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին՝ վարույթի համար նշանակություն ունեցող որոշակի հանգամանքներ պարզելու վերաբերյալ: Այդ նպատակով հետաքննության մարմնի կողմից իրականացվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Այլ տվյալներ չեն կարող տրամադրվել»,- տեղեկացրին ՔԿ-ից։
 
Նշենք, որ մեղադրյալներ Վրույր և Արկադի Բարսեղյանները կալանքի տակ են։ Արկադի Բարսեղյանի պաշտպան Վլադիմիր Մինասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք արդեն ներկայացվել էր, սակայն դատարանի որոշումը դեռևս հայտնի չէ։ Արկադի և Վրույր Բարսեղյանների մասնակցությամբ կալանքի ժամկետի երկարացումից հետո որևէ քննչական գործողություն չի կատարվել։
 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։ Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում: Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։
 
Տղամարդիկ ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալները տուն մուտք են գործել՝ գումար հափշտակելու համար, սակայն, տանտիրուհուց իմանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
 
Տղամարդկանցից մեկին՝ 32-ամյա Վրույր Բարսեղյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (երկու դրվագ)՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից առանձին դաժանությամբ սպանության և անօգնական վիճակում գտնվող երկու անչափահասին առանձին դաժանությամբ սպանության համար, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար և 198-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու համար։ Մյուս մեղադրյալին՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանին, որը, ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանի աջակիցն է, մեղադրանք է ներկայացվել՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար։ Երկուսն էլ կալանավորված են։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը