ՀՀ-ն ու ՌԴ-ն ընդլայնում են տեղեկատվական անվտանգության ոլորտում փոխգործակցությունը. համաձայնագիրը ներկայացվեց ԱԺ-ին


ՀՀ-ն ու ՌԴ-ն ընդլայնում են տեղեկատվական անվտանգության ոլորտում փոխգործակցությունը. համաձայնագիրը ներկայացվեց ԱԺ-ին

  • 01-03-2023 12:57:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Նոր համաձայնագիրը կխթանի տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին համաձայնագիրն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը:
 
Համաձայնագրի նպատակը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանումն է:
 
«Համաձայնագրի կիրարկմամբ նախատեսվում է նպաստել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխգործակցության ընդլայնմանը, ներառյալ՝ սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և դրանց համատեղ դիմակայման, տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով վստահության ամրապնդման միջոցառումների համաձայնեցման ու իրականացման, օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղություններով»,-ասաց Մանթաշյանը:
 
Համաձայնագրով սահմանվում են տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության ուղղությունները Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջև:
 
Մասնավորապես, կողմերը համագործակցություն են իրականացնում հետևյալ հիմնական ուղղություններով՝ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի սպառնալիքներին հակազդման համակարգում, իրավապահ ոլորտում տեղեկատվության փոխանակում՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված հանցագործությունները բացահայտելու, կանխարգելելու, կանխելու եւ հետաքննելու նպատակով, տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերի շուրջ երկու պետությունների օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակում և այլն:
 
Համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին Անվտանգության խորհուրդների միջև:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը