«Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն». Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին


«Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն». Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին

  • 01-03-2023 13:18:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր լրանում է Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների 15-րդ տարելիցը:
 
Երևանում՝ Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված այգում, որտեղ տեղի էին ունեցել մարտիմեկյան դեպքերը, զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրվեց:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հուշարձանի բացումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ըստ որոնց՝ ինքը նախկինում հայտարարել է՝ Մարտի 1-ի դեպքերը՝ քրեական գործը, բացահայտված է, ասաց՝ այո՛, իհարկե, Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն:
 
«Ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով: Ընդհանրապես լինում են այդպիսի դեպքեր, և ամենամեծ խնդիրը հետևյալն է, որ նաև քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է՝ 2008 թվականի մարտի 1-ից հետո նախաքննությունը ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել, որպեսզի տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլև բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել է, որպեսզի բացահայտումը կա՛մ դժվար լինի, կա՛մ անհնար դառնա»,- նշեց վարչապետը:
 
Նա նաև հիշեցրեց մեկ դրվագ. «Օրինակ՝ այստեղից հավաքված պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում փոխարինվել են այլ պարկուճներով, և այսպիսի բազմաթիվ դեպքեր: Պատկերացնել կարելի է, թե այս ամենն ինչ հետևանքներ են բերել, բայց դա կապ չունի, իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է լիարժեք և ամբողջական հասցնենք բացահայտմանը, և դա մեր օրակարգից դուրս չի եկել և դուրս չի գալու»:
 
Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց՝ քրեական գործ է եղել, դատավարություն, դատաքննություն: Այդ քրեական գործը կառչվել է իրավական մեկնաբանությունների բերումով, որը այլ հարթության խնդիր է:
 
«Ի վերջո, չմոռանանաք, թե այդ քրեական գործի շրջանակներում ինչեր են պարզվել, պարզվել է, որ ջոկատներ են կազմվել, պարզվել է, որ ապօրինի վճարումներ են արվել, պարզվել է, որ դա արվել է բանակի հովանու ներքո: Ես ուղղակի չեմ ուզում մեկնաբանել իրավական անբողոքարկելի որոշումները: Որոշում է կայացված, բոլորս պետք է ընդունենք ի գիտություն: Բայց այն, որ Մարտի 1-ի դեպքերը բացահայտված են, առնվազն մինչև կատարաղոների մակարդակ, այսինքն՝ բուն կատարողները հայտնի չեն, իսկ մնացած շղթաները, թե ոնց են աշխատել, իհարկե, բացահայտված է»,- ասաց երկրի ղեկավարը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը