Մանկապարտեզների տնօրեններն անժամկետ չեն ղեկավարի


Մանկապարտեզների տնօրեններն անժամկետ չեն ղեկավարի

  • 02-03-2023 13:18:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունները լիցենզավորման համար կարող են դիմում ներկայացնել մինչև 2023թ-ի դեկտեմբերի 10-ը։
 
Կառավարությունը մտադիր է կրճատել մանկապարտեզների տնօրենների կառավարման ժամկետներն ու խստացնել այդ պաշտոնում նրանց նշանակման պայմանները։
 
Այդ նպատակով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում։
 
Կառավարության այսօրվա նիստում ներկայացված նախագծով առաջարկվում է նախադպրոցական հաստատություններում օրենքի պարտադիր պահանջով սահմանել նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների վերապատրասման կարգը, ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրի ստացման կարգն ու ժամկետները և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման պահանջը։
 
Օրենքի նախագծով մանկավարժների համար պարտադիր վերապատրաստման ժամկետ է սահմանվում 5 տարին։
 
Իսկ տնօրենների համար առաջարկվում է հանել հավաստագրի ստացմանը նախորդող պարտադիր վերապատրաստման պահանջը:
 
«Իրականացված վերլուծության համաձայն` համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների շուրջ 65 %-ը պաշտոնավարում է անորոշ ժամկետով պայմանագրերի հիման վրա, ինչը չի բխում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի տրամաբանությունից և անհավասար պայմաններ է ստեղծում դաշտում»,– նշված է օրինագծի հիմնավորումներում։
 
Ինչ վերաբերում է մանկապարտեզների լիցենզավորման պարտադիր պահանջին, դրա համար նախագծով սահմանվում է լիցենզիայի ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետ` մինչև 2023 թվականի դեկտեմբերի 10-ը:
 
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց նախարարության օրենսդրական առաջարկը։ Օրենքի նախագիծն առաջիկայում կքննարկվի ԱԺ–ում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը