Ալիևն առաջարկել է Ադրբեջանի նախաձեռնությամբ ականներից տուժած երկրների խումբ ստեղծել
02-03-2023 14:39:44 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բաքվում «Չմիավորման շարժման» կոնտակտային խմբի գագաթնաժողովում հանդես է եկել ականներից տուժած համախոհ երկրների խումբ ստեղծելու նախաձեռնությամբ։
«Քանի որ «Չմիավորման շարժման» անդամ մի շարք երկրներ ականներով և չպայթած զինամթերքով ամենաաղտոտված երկրների թվում են, ես կցանկանայի առաջարկել ականներից տուժած համախոհ երկրների խումբ ստեղծել, որպեսզի մեր ձայնը լսելի լինի ողջ աշխարհում»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:
Ալիևն ընդգծել է, որ, հաշվի առնելով Ադրբեջանի համար մարդասիրական ականազերծման կարևորությունը, Բաքուն դիտարկում է ազգային կայուն զարգացման նպատակի հաստատման հնարավորությունը։
«Ադրբեջանը ուղիղ կապ է տեսնում կայուն զարգացման նպատակների և ականազերծման գործընթացի միջև, քանի որ ականները դանդաղեցնում են ազատագրված տարածքների վերականգնման և ներքին տեղահանվածների վերադարձի գործընթաց»,- ընդգծել է նա:
Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ներառված է ականապատված տարածքների ամենամեծ խտությամբ երկրների ցանկում. «2020 թվականի նոյեմբերին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր, ականների պայթյունների հետևանքով մոտ 300 ադրբեջանցի է մահացել կամ ծանր վիրավորվել»: