Ադրբեջանը մինչ այժմ չի կատարել ՄԱԿ-ի դատարանի որոշումը. Փաշինյանը՝ Գերմանիայում


Ադրբեջանը մինչ այժմ չի կատարել ՄԱԿ-ի դատարանի որոշումը. Փաշինյանը՝ Գերմանիայում

  • 03-03-2023 13:14:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀՀ վարչապետը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
 
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հստակեցնում է Ադրբեջանի մտադրությունները՝ իրականացնել հայերի էթնիկ զտումներ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման ժամանակ։
 
ՀՀ վարչապետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերը զրկված են բնական գազի, էլէկտրաներգիայի, սննդի, բժշկական և այլ կենսական մատակարարումներից։ Բացի դրանից, նա հիշեցրել է, որ 30 հազար երեխա և ուսանող զրկվել է կրթության իրավունքից։
 
«Վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, որոնք ցանկանում են լքել Ղարաբաղը։ Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում»,– նշել է Փաշինյանը։
 
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և Լաչինի միջանցքով երթևեկությունը շարունակում է մնալ խաթարված։ Վարչապետը շեշտել է` թեև բնական գազի մատակարարումը վերականգնվել է, էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, որը դադարեցվել էր 2023 թվականի հունվարի 9-ին, դեռևս չի վերականգնվել։ Սննդի մատակարարումները դեռևս իրականացվում են կտրոններով, իսկ մարդիկ զրկված են հրատապ բժշկական օգնության հնարավորությունից։
 
«Միայն Կարմիր խաչը և ռուս խաղաղապահները հնարավորություն ունեն սահմանափակ քանակությամբ սնունդ և կենսական նշանակության ապրանքներ հասցնել Լեռնային Ղարաբաղ, իսկ բժշկական շտապ միջամտության կարիք ունեցող մարդկանց տեղափոխել Հայաստանի հիվանդանոցներ»,– ասել է Փաշինյանը։
 
Հիշեցնենք` 2022-ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
 
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
 
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
 
2023-ի փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
 
Հայաստանը պահանջել էր նաև Ադրբեջանին պարտավորեցնել անհապաղ լիովին վերականգնել բնական գազի անխափան մատակարարումը։ ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանը նշեց՝ բավարար փաստարկներ չեն ներկայացվել, որ Ադրբեջանն է խաթարում գազի մատակարարումը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը