Կարմրուկի վարակի հետ կապված արդյոք սահմանափակումներ կմտցվե՞ն, թե՞ ոչ


Կարմրուկի վարակի հետ կապված արդյոք սահմանափակումներ կմտցվե՞ն, թե՞ ոչ

  • 06-03-2023 15:11:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այս պահին որևէ սահմանափակումների անհրաժեշտության կարիք չկա՝ կապված մեր երկրում կարմրուկով հաստատված դեպքերի հետ: Ըստ նրա՝ ՀՀ-ն բավականին փորձ ունի այս վարակը կանխարգելելու և դրա դեմ պայքարելու համար։
 
«Եթե իրավիճակը համեմատենք քովիդի հետ, ապա պետք է նշենք, որ կորոնավիրուսը նոր համաճարակ էր, երբևէ չշրջանառված վարակ, որի կառավարման մասով ՀՀ-ն մշտապես հետևել է այդ պահին առկա գիտահեն տեղեկատվությանը և իր ռեսուրսների ու համակարգի ամբողջ պոտենցիալը օգտագործելով՝ նպաստել է վարակի կանխարգելմանը։ Կարմրուկը հայտնի հիվանդություն է, դրա բռնկումները ՀՀ-ում վերջին անգամ եղել են 2006-2007 թվականներին, ընդհանուր առմամբ բավականին փորձ ունենք այս վարակի կանխարգելման համար։ Առաջին դեպքի հաստատումից հետո մենք արդեն ստեղծել ենք աշխատանքային խումբ՝ հագեցած մեր մասնագետներով, ունենք նաև մի խումբ, որը կազմված է սփյուռքի մեր մասնագետներից և այս պահին էլ գործում է»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նախարարը։
 
Ըստ նրա՝ նախարարությունը առաջնորդվում է իրավիճակին համապատասխան՝ միաժամանակ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն։ Ավանեսյանի խոսքով՝ հիվանդների մեծ մասը Երևան քաղաքից է:
 
«Ունենք նաև տարբեր վիրուսներ, այդ թվում՝ քովիդը, այս վարակների մասին տեղեկատվությունը ամեն շաբաթ տրվում է հանրությանը։ Մեր մասնագետները անընդհատ իրազեկման աշխատանքներ են տանում, երբ որ ունենում ենք որոշակի վարակի բռնկում։ Փորձում ենք այդ վարակի վերաբերյալ տեղեկատվական դաշտը լցնենք ու ճիշտ ինֆորմացիա փոխանցենք հանրությանը»,- հավաստիացրեց նա:
 
Առողջապահական գերատեսչության ղեկավարը զգուշացրեց՝ սուր շնչառական, քովիդի և կարմրուկի ախտանշաները գրեթե նման են, այդ պատճառով անհրաժեշտ է, որ հատկապես մանկահասակ երեխաների դեպքում չդիմել ինքնաբուժության, այլ մասնագետի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play