Հայաստանում կարմրուկի դեպքերի տարածման հետևանքով դպրոցներն և մանկապարտեզները փակելու անհրաժեշտություն դեռևս չկա. Ավանեսյան


Հայաստանում կարմրուկի դեպքերի տարածման հետևանքով դպրոցներն և մանկապարտեզները փակելու անհրաժեշտություն դեռևս չկա. Ավանեսյան

  • 06-03-2023 15:37:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Կարմրուկի կանխարգելման ամենագործուն միջոցը պատվաստումն է:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
 
«Ազգային օրացույցով սահմանված է իրականացնել պատվաստում 2 դեղաչափով, առաջինը՝ 1 տարեկան երեխաներին, երկրորդ դեղաչափն իրականացվում է 4-6 տարեկանում: Երկու դեղաչափով պատվաստված լինելու պարագայում վարակման հավանականությունը գրեթե բացառվում է: Առանձնահատուկ հորդորում ենք այն ընտանիքներին, որտեղ կան պատվաստման տարիքին հասած երեխաներ, անպայման պատվաստվեն, որովհետև դրանով նրանք պաշտպանում են նաև իրենց փոքր քույրիկ-եղբայրներին»,- ասաց Ավանեսյանը:
 
Անդրադառնալով մեծահասակների ռիսկային լինելու հարցին, նախարարն ընդգծեց, որ պատվաստումները պատշաճ ստացած մեծահասակները հավելյալ պատվաստվելու կարիք չունեն: «Եթե քաղաքացին անկախ տարիքից ունի փաստաթուղթ, որը հավաստում է երկու դեղաչափի կիրառումը, ապա զգուշանալու կարիք ընդհանրապես չկա»,-ասաց նախարարը:
 
Նա հայտնեց, որ պացիենտների մեծ մասը Երևանից են: 
 
Անդրադառնալով երկրում ստեղծված համաճարակաբանական իրավիճակին՝ Ավանեսյանը նշեց. «2022 թվականից սկսած մեր տարածաշրջանում, նաև այլ տարածաշրջաններում կարմրուկով պայմանավորված իրավիճակը բավականին աշխույժ է: Վերջին ստացվող տեղեկատվությունների համաձայն՝ ակնկալում էինք, որ պետք է ներթափանցում լինի նաև ՀՀ»,- ասաց նախախարը:
 
Դպրոցների և մանկապարտեզների փակման հարցին նախարարը պատասխանեց, որ այս պահին այդ միջոցառման կարիքը չկա: «Եթե մոնիտորինգը ցույց տա, որ մենք ունենք թվերի աճ, իրավիճակի լարում և համաճարակաբանական իրավիճակը մեզ թելադրի, որ դրա կարիքը կա, մենք այն կիրականացնենք»,- ասաց Ավանեսյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը