Բաքուն պնդում է Լաչինի միջանցքում վերահսկողության ռեժիմի անհրաժեշտությունը, նաև՝ սպառնում


Բաքուն պնդում է Լաչինի միջանցքում վերահսկողության ռեժիմի անհրաժեշտությունը, նաև՝ սպառնում

  • 07-03-2023 11:22:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը նաև մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
 
Պաշտոնական Բաքուն կրկին հայտարարում է, թե Լաչինի միջանցքում անհրաժեշտ է վերահսկողության ռեժիմ ապահովել, ինչպես նաև սպառնում է «ձեռնարկել վճռական, անհրաժեշտ միջոցներ՝ զինաթափելու և չեզոքացնելու անօրինական զինված կազմավորումները»։
 
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, թե Հայաստանը շարունակում է ռազմական փոխադրումները Արցախ: «Եվս մեկ անգամ զգուշացնում ենք, որ Հայաստանի կողմից ռազմական բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածք, Հայաստանի զինված ուժերի անձնակազմի ուղարկումն ու ռոտացիան պետք է անհապաղ, մեկընդմիշտ դադարեցվի, հայկական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն մեր երկրի տարածքից։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հարկադրված կլինի, օգտագործելով բոլոր հնարավորությունները, ձեռնարկել վճռական, անհրաժեշտ միջոցներ՝ զինաթափելու և չեզոքացնելու անօրինական զինված կազմավորումները։ Հայաստանի նման գործողությունները դիտվում են որպես ռազմական ագրեսիայի շարունակություն», - ասված է հայտարարությունում:
 
Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, իրենց բնապահպան ակտիվիստներ անվանող մի խումբ ադրբեջանցիների կողմից արգելափակված է արդեն մոտ երեք ամիս:
 
Հայաստանը բարձրագույն մակարդակով քանիցս հայտարարել է, որ Արցախից դուրս է բերել իր բոլոր զինծառայողներին, նաև առաջարկել է այդ փաստը ստուգելու համար միջազգային առաքելություն գործուղել տարածաշրջան:
 
Բաքուն նաև մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մարտի 5-ի զինված միջադեպի «փաստերը խեղաթյուրելու, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու մեջ». Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը երեկ հաստատել է, որ կիրակի առավոտյան Արցախում տեղի ունեցած միջադեպի ընթացքում առաջինը հրազեն կիրառել է ադրբեջանական կողմը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը