Երևան է ժամանում ԱՄՆ-ի՝ Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լուի Բոնոն


Երևան է ժամանում ԱՄՆ-ի՝ Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լուի Բոնոն

  • 07-03-2023 11:58:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Երևանում կընդունի ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդատու Լուի Բոնոյին:
 
Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
 
«Մարտի 7-ին Լուի Բոնոն կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը՝ միտված համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ հայ-ադրբեջանական բանակցություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծմանը։ Որպես Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու՝ պարոն Բոնոն աշխատում է տարածաշրջանային առաջնորդների հետ՝ զբաղվելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղման և Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի հարցերով։
 
Պարոն Բոնոն ունի երկկողմ և բազմակողմ ձևաչափով աշխատանքի մեծ փորձառություն։
 
Նա նախկինում եղել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, ՄԱԿ-ի կառույցների գծով ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատարը Վիեննայում և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Վատիկանում։
 
Նա նաև ղեկավարել է Բասրայի տարածաշրջանային գրասենյակը Ազգային անվտանգության խորհրդում, եղել է պետքարտուղարի առաջին տեղակալի և տնտեսության ու բիզնեսի հարցերով պետքարտուղարի տեղակալի խորհրդականը։
 
Նա Ցամաքային ուժերի պահեստազորի պաշտոնաթող անդամ է, դասավանդել է Վեսթ Փոյթնում ու Ցամաքային ուժերի պատերազմի քոլեջում»,- ասված է հաղորդակցության մեջ:
 
Հիշեցնենք՝ Բոնոն երեկ եղել է Բաքվում, հանդիպել երկրի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը